Դպրոցների և մանկապարտեզների համար հակահամաճարակային սահմանափակումները մեղմացվել են. ԿԳՄՍՆ

Դպրոցների և մանկապարտեզների համար հակահամաճարակային սահմանափակումները մեղմացվել են. ԿԳՄՍՆ

Դպրոցների և մանկապարտեզների համար հակահամաճարակային սահմանափակումները մեղմացվել են: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը: 
 

Սահմանվել է, որ դասարաններում սովորողների թիվը 20-ից ավելի թույլատրվում է միայն ԿԳՄՍ նախարարության գրավոր համաձայնությամբ՝ ապահովելով հակահամաճարակային սանիտարական կանոնների պահանջները։
 

Դասասենյակներում սոցիալական տարածության՝ մինչ այժմ գործող 1,5 մետրի փոխարեն սահմանվել է 1 մետր հեռավորությունը։

Դպրոցական սննդի կետերի գործունեությունը նույնպես կվերսկսվի՝ սննդի կազմակերպման վայրում թույլատրելով միայն սննդի պատրաստում և վաճառք՝ բացառելով սովորողների մուտքը սննդի կազմակերպման վայր։

Նախադպրոցական ուսումնական հաստատություններում ընդունելություն կատարելու սահմանափակումը ևս մեղմացվել է։

Սահմանվել է, որ մանկապարտեզները ձեռնպահ են մնում լրացուցիչ ընդունելություն կազմակերպելուց, բացառությամբ՝ այն հերթագրված երեխաների համար, որոնց տնային խնամքը գործնականում հնարավոր չէ ապահովել` ծնողների կամ խնամակալների աշխատանքը հեռավար տարբերակով կազմակերպելու անհնարինությամբ պայմանավորված, առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն, երեք և ավելի երեխա ունեցող կամ զինծառայող ծնողի (ծնողների) երեխաների համար, ինչպես նաև կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում