ԵՄ երկրները դադարեցնում են հաղորդակցությունը Բրիտանիայի հետ՝ կորոնավիրուսի նոր մուտացիայի պատճառով
Նիդեռլանդները դադարեցրել է Բրիտանիայի հետ ավիահաղորդակցությունը՝ նոր, մուտացիայի ենթարկված կորոնավիրուսի պատճառով: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Նիդեռլանդների կառավարության մամուլի հաղորդագրությանը:
Բրիտանիայի հետ ավիահաղորդակցության սահմանափակումը սկսել է գործել դեկտեմբերի 20-ին և կգործի նվազագույնը մինչև 2021 թվականի հունվարի 1-ը:
Նման որոշում են կայացրել նաև Բելգիայի իշխանությունները:
Ֆրանսիան նույնպես կարող է սահմանափակել օդային և երկաթուղային հաղորդակցությունը Մեծ Բրիտանիայի հետ, հաղորդում է BFMTV-ն:
Հեռուստաալիքի տվյալներով, որոշումը կհրապարակվի մեկ օրվա ընթացքում: Նշվում է, որ Գերմանիայի իշխանությունները ևս քննարկում են նմանատիպ սահմանափակում մտցնելու հարցը:
Դեկտեմբերի 14-ին Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարության ղեկավար Մեթ Հենքոկն ասել է, որ բրիտանացի գիտնականները հայտնաբերել են կորոնավիրուսի նոր, մուտացիայի ենթարկված տեսակ, որը տարածվում է ավելի արագ, քան հայտնի շտամները: Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ կորոնավիրուսի նոր մուտացիան 70%-ով ավելի վարակիչ է, քան վիրուսի մյուս տեսակները:
Համաճարակաբանական լարված իրավիճակի պատճառով, դեկտեմբերի 20-ից Մեծ Բրիտանիայի հարավ-արևելքում և Լոնդոնում սկսել է գործել սահմանափակումների չորրորդ մակարդակը: Ըստ դրա, կփակվեն բոլոր խանութները, բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, ինչպես նաև մարզադահլիճները, վարսավիրանոցները և այլ հաստատություններ: Մարդկանց խորհուրդ է տրվում չլքել իրենց տները:
Կարծիքներ