Հաստատվել են կալանավորված անձանց հանրակրթական հատուկ հաստատության ուսումնական տարվա ուսումնական պլանները

Հաստատվել են կալանավորված անձանց հանրակրթական հատուկ հաստատության ուսումնական տարվա ուսումնական պլանները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են ազատազրկման ձևով պատիժ կրող և/կամ կալանավորված անձանց հանրակրթական հատուկ հաստատության 2020-2021 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: 

Այլընտրանքային (հեղինակային) այդ պլանները մշակել է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը՝ հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների հիման վրա՝ հաշվի առնելով ազատազրկման ձևով պատիժ կրող և/կամ կալանավորված անձանց պահման՝ անվտանգության, նյութակենցաղային, շենքային, ինչպես նաև այդ անձանց սոցիալ-հոգեբանական, կրթամշակութային և վարքային առանձնահատկությունները:

Ըստ այդմ՝ տվյալ հաստատությունում անձի ձևավորման, նրա սոցիալ-հոգեբանական հմտությունների և նախասիրությունների զարգացման նպատակով հատուկ մանկավարժական պարապմունքներն անցկացվում են խմբային կամ անհատական պարապմունքների ձևով՝ սովորողների կարիքներով պայմանավորված: Այդ նպատակով յուրաքանչյուր դասարանի համար կազմակերպվում է 1 (մեկ) խմբակ: Խմբակները կոմպլեկտավորվում են` ըստ երեխաների (անձանց) նախասիրությունների:

Ուսումնական պարապմունքները հաստատությունում ավարտվում են 2021 թվականի հունիսի 4-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում ապահովելով առնվազն 34 ուսումնական շաբաթ՝ 7-12-րդ դասարանների համար։ Հաստատությունը կարող է ներդնել նաև նոր առարկաներ (դասընթացներ)՝ դրանց ծրագրերը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հաստատվելուց հետո: Հաստատության ուսումնական պլանի դպրոցական բաղադրիչի ժամաքանակի բաշխումը կատարվում է մանկավարժական խորհրդի որոշմամբ՝ ելնելով հաստատության, դասարանի պատրաստվածությունից, մանկավարժներով, ծրագրերով, դասագրքերով և երաշխավորված լրացուցիչ առարկայացանկի որևէ առարկայի լիարժեք ուսուցման կազմակերպման նպատակով ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված այլ ուսումնական գրականությամբ ապահովվածությունից և ուսուցման կազմակերպման համար անհրաժեշտ այլ պայմաններից, ինչպես նաև նախարարության հանձնարարականներից:

Հաստատության դասարանի (խմբի) միջին խտությունը սանիտարական նորմերի պահպանմամբ սահմանվում է 20 աշակերտ (ընդ որում` սովորողների թիվը դասարանում (խմբում) չի կարող գերազանցել 25-ը):

Հանրակրթական հատուկ հաստատությունը կարող է հանրակրթությունն իրականացնել բազմահամակազմ կամ թերբեռնված դասարաններում՝ հաշվի առնելով հանրակրթություն ստացող և ազատազրկման ձևով պատիժ կրող և/կամ կալանավորված անձանց տարբեր քրեակատարողական հիմնարկներում պահելու փաստը և մի շարք այլ առանձնահատկություններ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում