ՏՏ ոլորտում լավագույն ուսանողները պարգևատրվել են
Տեղի է ունեցել «ՏՏ ոլորտում լավագույն ուսանողների ամենամյա կրթական պարգև» մրցույթի հաղթող 30 ուսանողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ մամուլի ծառայությունից։
Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ԲՏԱ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, «Սինոփսիս» ընկերության գլխավոր գործադիր համանախագահ Չի-Ֆուն Չանը, պաշտոնատար այլ անձինք:
«ՏՏ ոլորտում լավագույն ուսանողների ամենամյա կրթական պարգևը» հիմնվել է 2005 թվականին՝ «Սինոփսիս Արմենիա» ընկերության հովանավորությամբ:
Առաջնորդվելով «Բացահայտել լավագույններին, խանդավառել հաջորդներին» կարգախոսով՝ մրցանակաբաշխության հիմնական նպատակը տեղեկատվական տեխնոլոգիաների ասպարեզում լավագույններին ճանաչելն ու խրախուսելն է: Մրցանակները շնորհվում են այն ուսանողներին, որոնք ունեն բարձր առաջադիմություն, ակտիվորեն մասնակցում են ՏՏ ոլորտի և բնական գիտությունների տարբեր օլիմպիադաների և մրցույթների, գիտական հոդվածների հեղինակներ են, ակտիվ են համայնքային ծրագրերում:
«Նախաձեռնելով այս մրցանակաբաշխությունը՝ մենք նպատակ ունեինք խանդավառելու երիտասարդներին՝ ընտրելու ՏՏ ոլորտը և շարունակելու ճարտարագիտական գերազանցության ավանդույթները Հայաստանում,- ասել է «Սինոփսիս» ընկերության գլխավոր գործադիր համանախագահ Չի-Ֆուն Չանը և հավելել,- կրթական պարգևը նաև շարժառիթ է Հայաստանի երիտասարդության համար՝ խորացնելու իրենց գիտելիքներն այս բնագավառում և ունենալու իրենց ներդրումը Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացման գործում»:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը շնորհավորել է հաղթողներին, շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին՝ կարևորելով բուհ-մասնավոր հատված համագործակցությունը. «Կոչ եմ անում ՏՏ ոլորտի ընկերություններին կատարելու իրենց ներդրումը կրթության մեջ, ունենալու լավագույն կադրերը, որոնք որոշիչ են ցանկացած ոլորտում»:
Փոխնախարարը հույս է հայտնել, որ հաղթող ուսանողները կշարունակեն իրենց գործունեությունը բուհական համակարգում, կզբաղվեն գիտությամբ: «Ի վերջո, այս ընկերությունները հիմնել են այն մարդիկ, որոնք դուրս են եկել բուհից»,- եզրափակել է Կարեն Թռչունյանը:
ԲՏԱ փոխնախարար Դավիթ Սահակյանի խոսքով՝ երիտասարդությունը այն շարժիչ ուժն է, որը հասարակությանը տանում է առաջ: «Բացահայտել լավագույններին, խանդավառել հաջորդներին» կարգախոսի շրջանակում Դ. Սահակյանը «բացահայտված լավագույններին» հորդորել է հավատարիմ մնալ իրենց առաքելությանը և անպայման խանդավառել մյուսներին:
Նշենք, որ այս տարի մրցանակաբաշխությանը մասնակցել է 102 ուսանող հետևյալ բուհերից՝ Երևանի պետական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հայաստանի ամերիկյան համալսարան, Հայ-ռուսական համալսարան, Եվրոպական համալսարան, Հայաստանի պետական մանկավարժական համալսարան:
Մասնակիցները մրցել են հետևյալ անվանակարգերում.
Գլխավոր մրցանակ «Գրան պրի»
Լավագույն ասպիրանտ
Լավագույն մագիստրանտ
Լավագույն բակալավր
Լավագույն սփյուռքահայ մասնակից
Հատկանշական է, որ մի քանի տարվա ընդմիջումից հետո այս տարի կար «Գլխավոր մրցանակ»-ի հաղթող. ԵՊՀ ուսանող Գարիկ Պետրոսյանն է: Նա շնորհավորել է մյուս հաղթողներին և հույս հայտնել, որ ապագայում իրենցից յուրաքանչյուրը սեփական ներդրումը կունենա պետական բյուջեում:
Կարծիքներ