Հիշատակի արարողություններ 88-ի երկրաշարժի գոտում

Հիշատակի արարողություններ 88-ի երկրաշարժի գոտում

Այսօր` դեկտեմբերի 7-ին, Սպիտակի ավերիչ երկրաշարժի 33-րդ տարելիցի կապակցությամբ Գյումրի են այցելել ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը, ՌԴ ԱԻ նախարարի տեղակալ Նիկոլայ Գրեչուշկինը, ՀՀ ԱԻ նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: Կառավարության, մարզային ու համայնքային իշխանության ներկայացուցիչները, ՌԴ պատվիրակության անդամները մասնակցել են Սբ. Ամենափրկիչ եկեղեցու բակում տեղի ունեցած հոգեհանգստյան կարգին, ծաղկեպսակ խոնարհել և հարգանքի տուրք մատուցել երկրաշարժի զոհերի հիշատակին:

Իսկ 88-ի երկրաշարժի էպիկենտրոնում՝ Սպիտակ քաղաքում, արհավիրքի զոհերի հիշատակին իրենց խոնարհումն են բերել ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը և Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորին, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: Նրանց ուղեկցել են Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Սպիտակի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Քաջայր Նիկողոսյանը, ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, փրկարար ծառայության փոխգնդապետ Սերոբ Գաբրիելյանը, վարչության աշխատակիցներ:

Ծաղկեդրման արարողությունը տեղի է ունեցել 2011 թ. Ճապոնիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի ու 1988 թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ: Սպիտակի երկրաշարժ տեսած հայ ժողովուրդը կիսում է Ճապոնիայի ժողովրդի վիշտը: «Ինչպես Հայաստանը, այնպես էլ Ճապոնիան երկրաշարժավտանգ երկրներ են, և մեզ համար կենսական խնդիր է աղետների ռիսկերի նվազեցման և դրանց հետևանքների կանխարգելման ուղղությամբ ջանքերի գործադրումը, և մենք ևս մեկ անգամ մեր երախտիքի խոսքն ենք հղում Ճապոնիայի կառավարությանը»,- ասել է Ա. Գասպարյանը:

Ֆուկուշիմա Մասանորին էլ իր հերթին ընդգծել է երկու երկրների նմանությունն ու կառուցողական գործընկերային հարաբերությունների կարևորությունը: Դեսպանի խոսքով՝ թե´ Հայաստանը և թե՛ Ճապոնիան բազում արհավիրքներ են տեսել, սակայն շարունակում են ապրել՝ պայքարելով և ոտքի կանգնելով: Երկրաշարժից տուժած քաղաքներում հիշատակի արարողությունների մասնակիցներն իրենց աղոթքն են բարձրացրել առ Աստված՝ անմեղ զոհերի հոգիների խաղաղության համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում