Եկեք բոլորս միակամ,լցված հավատով ու իմաստնությամբ տեր կանգնենք հայոց անկախ պետականությանը. Արցախի նախագահ

Եկեք բոլորս միակամ,լցված հավատով ու իմաստնությամբ տեր կանգնենք հայոց անկախ պետականությանը. Արցախի նախագահ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ուղերձ է հղել Հայաստանի անկախության տոնի առթիվ․ տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։

«Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր Հայաստանի Հանրապետության անկախության օրն է, 31-րդ տարեդարձը:

Այն խորհրդանշում է համամարդկային ու ազգային արժեքներին հայ ժողովրդի հավատարմությունը, այդ արժեքների համար պայքարելու նրա անսասան կամքն ու ազատատենչ ոգին:

Հզոր, ծաղկող ու զարգացած Հայրենիքը բոլոր հայերի նվիրական երազանքն է՝ Մայր Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում:

Եվ այդ երազանքի շուրջ համախմբումը օրվա հրամայական է ու միակ ճիշտ ուղին այն իրականություն դարձնելու համար. մենք այլ ճանապարհ չունենք: Այսօր կրկին հայը կանգնած է նոր լրջագույն մարտահրավերների առջև, որոնք սպառնալիք են հայոց պետականությանը, ազգային ինքնությանն ու ապագային:

Պահը վճռորոշ է բազմադարյա պատմություն ու քաղաքակրթություն ունեցող մեր ժողովրդի և հայոց աշխարհի համար:

Ուրեմն, եկեք բոլորս միասին, միակամ ու հաստատակամորեն, լցված հավատով ու իմաստնությամբ տեր կանգնենք հայոց անկախ պետականությանը, այն պահենք ամուր ու աներեր՝ հանուն մեր բոլոր նահատակների սուրբ հիշատակի և ապագա սերունդների:

Խաղաղություն ու բարօրություն մեր Հայրենիքին և ժողովրդին»,- ասված է ուղերձում:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում