Միայն մեր միասնության շնորհիվ Հայաստանը կարող ենք դուրս բերել այս ծանր իրավիճակից. «Բարգավաճ Հայաստան»

Միայն մեր միասնության շնորհիվ Հայաստանը կարող ենք դուրս բերել այս ծանր իրավիճակից. «Բարգավաճ Հայաստան»

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ուղերձ է հղել ՀՀ անկախության օրվա առթիվ:

«Սիրելի՛ հայրենակիցներ, սրտանց շնորհավորում ենք համայն հայությանը Անկախության 31-ամյակի առթիվ:

1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախ պետականության օգտին:

Անկախության հռչակումը հայ ժողովրդի կյանքում պատմական մեծագույն ձեռքբերումներից է, հայ մարդու ինքնության յուրակերպ դրսևորում, ազատ ապրելու և ստեղծագործելու բարձրագույն մղում:

Ամբողջ պատմության ընթացքում հայ ժողովուրդը միշտ էլ խորապես գիտակցել է, որ ամենամեծ արժեքն Անկախությունն է: Անկախության ձգտումը մեզ ուղեկցել է մեր պատմության ամբողջ ընթացքում՝ պայքարի ոգեկեչելով հազարավոր երիտասարդների:

Խոնարհվում ենք Արցախյան առաջին, Քառօրյա,  44 օրյա պատերազների, հայրենքի պաշտպանությանը զինվորագրված հազարավոր նվիրյալ հայորդիների, մարտնչած հերոսների առջև: Վերջին օրերին նույնպես հարյուրավոր հայորդիներ նահատակվեցին՝ հանուն Հայաստանի, նրա անկախության, մեզանից յուրաքանչյուրի անհատական ու բոլորիս հավաքական արժանապատվության:
Նրանց  անձնազոհության արդյունքն է անկախ Հայաստանը: Հազար փա՛ռք մեր հերոս նահատակներին:

Յուրաքանչյուրս պարտավոր ենք մեր ամենօրյա աշխատանքով ամրապնդել  և ուժեղացնել  Հայաստանը, նրա անկախությունը:
Մեզանից յուրաքանչյուրի շնորհիվ է կերտվում Հայաստանի այսօրվա պատմությունը, ու միայն մեր միասնության շնորհիվ Հայաստանը կարող ենք դուրս բերել այս ծանր իրավիճակից:

Անկախության օրվա առթիվ՝ մեր երկրին մաղթում ենք խաղաղություն և կայուն ձեռքբերումներ, տնտեսության զարգացում ու բարգավաճում: 

Աստված պահապա՛ն մեզ բոլորիս...», - ասվում է ուղերձում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում