Երևանից Մոսկվա և հակառակ ուղղությամբ փոստի միջոցով ծանրոցների փոխադրման սակագները նվազել են 3 անգամ
Հայաստանի և Ռուսաստանի բնակիչների համար փոստի միջոցով ծանրոցների փոխադրման սակագները Երևանից Մոսկվա, Մոսկվայի մարզ և հակառակ ուղղությամբ 2020-ի հոկտեմբերից նվազել են 3 անգամ:
Այս մասին ասուլիսում ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
«Հայփոստի» և Ռուսաստանի փոստի միջև 2020-ի սեպտեմբերի 24-ին ստորագրվել է համաձայնագիր փոստի միջոցով ցամաքային ճանապարհով ծանրոցների փոխադրման սակագների նվազեցման և ռազմավարական գործընկերության մասին: Հոկտեմբերի 1-ից ծանրոցները Երևանից Մոսկվա, Մոսկվայի մարզ և հակառակ ուղղությամբ իրականացվում են շուրջ 3 անգամ ավելի իջեցված գներով: Շուրջ 1.5 անգամ էլ նվազել են Հայաստանի մարզերից Ռուսաստանի այլ մարզեր փոստային փոխադրումների սակագները»,- ասաց Արշակյանը:
Նախարարը տեղեկացրեց նաև, որ Հայաստանի մարզերում սկսվել է նոր պիլոտային ծրագիր «Հայփոստի» կողմից՝ «Գյուղում, ինչպես քաղաքում»: Ծրագրի շրջանակում նախատեսվում է գյուղական համայնքներում ավելի հասանելի դարձնել մի շարք կոմերցիոն ծառայություններ: «Գյուղերում բնակվող հայրենակիցները կարող են, մասնավորապես, դեղեր պատվիրել և 3 օրվա ընթացքում ստանալ իրենց փոստային բաժանմունքում նույն գնով, ինչ Երևանում կարող էին գնել: Երևանում առաքման համար քաղաքացիներից գումար չի գանձվելու»,-ասաց Արշակյանը:
«Հայփոստի» կողմից Հայաստան է տեղափոխվել ավելի քան 20 տոննա հումանիտար բեռ, առաջնագիծ են ուղարկվել գեներատորներ: «Արցախփոստին» են տրամադրվել պլանշետներ՝ թոշակների վճարման համար: Այս ամենը անվճար է իրականացվել փոստի կողմից»,- ասաց նախարարը:
Կարծիքներ