Տարեցների ձեռարվեստի ցուցադրություն` ներկայացնելու ազգային ոչ նյութական մշակութային ժառանգությունը
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա» ՀԿ-ի նախաձեռնությամբ տեղի կունենա «Տարեցների ներուժը՝ որպես ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման և փոխանցման ռեսուրս» եռամսյա ծրագրի ամփոփման ձեռագործ աշխատանքների շրջիկ ցուցահանդեսի բացումը։
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ ցուցահանդեսը կկազմակերպվի Գերիատրիայի և գերոնտոլոգիայի 3-րդ միջազգային կոնգրեսի շրջանակում: Այն կկայանա Տարեցների միջազգային օրվան ընդառաջ՝ սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին:
Ծրագրի տարեց մասնակիցները ձեռարվեստի փորձառու վարպետ Արմինե Խաչատրյանի ուղղորդմամբ մասնակցել են ասեղնագործության, կարպետագործության և տիկնիկագործության ուսուցման դասընթացներին` միաժամանակ զարգացնելով ձեռարվեստի մասին իրենց փորձն ու գիտելիքները։
Ծրագրի հիմնական նպատակն է ոչ նյութական մշակութային ժառանգության միջոցով տարեցների ներուժի բացահայտումը, նրանց շարունակական (ցկյանս) կրթության ապահովումը, ինչպես նաև տարեցների մտավոր և ֆիզիկական առողջության` հիշողության, կոգնիտիվ ֆունկցիաների բարելավման, կոորդինացիայի, շարժողական հմտությունների պահպանման և զարգացման խթանումը:
Նշենք, որ Գերիատրիայի և գերոնտոլոգիայի 3-րդ միջազգային կոնգրեսը կազմակերպվում է նոր ձևաչափով և մի հարկի ներքո է միավորելու բժիշկներին, բուժքույրերին և տարեցներին։ Կոնգրեսի խորագիրն է՝ «Տարեցների կյանքը կարևոր է». այն հիշեցում է հանրությանը, որ 63 տարեկանից՝ կենսաթոշակային տարիքից հետո, չեն սահմանափակվում նրանց հնարավորություններն ու իրավունքները, և մարդկային ռեսուրսները դեռևս կիրառելի են տարբեր ոլորտներում։
Կարծիքներ