ԱՄՆ-ն օրինագիծ է պատրաստում Ռուսաստանի և Իրանի համագործակցությանը հակազդելու համար

ԱՄՆ-ն օրինագիծ է պատրաստում Ռուսաստանի և Իրանի համագործակցությանը հակազդելու համար

Ամերիկացի սենատոր Թեդ Քրուզը (Տեխաս նահանգից) մտադիր է օրինագիծ ներկայացնել, որն ուղղված է Ռուսաստանի և Իրանի միջև ռազմատեխնիկական համագործակցությանը հակազդելուն՝ պատժամիջոցներ սահմանելով։ Այս մասին օրենսդիրն ասել է չորեքշաբթի՝ ելույթ ունենալով Վաշինգտոնի Հադսոնի ինստիտուտում։

«Ռուսաստանի և Իրանի միջև համագործակցությունը լայնածավալ է, այն խորանում է: Բայդենի վարչակազմը նույնիսկ չի փորձում հակազդել դրան։ Ահա թե ինչու ես այժմ աշխատում եմ աջակցություն ապահովել օրինագծի համար, որը կպարտադրի Բայդենի վարչակազմին հակադրվել Իրանի և Ռուսաստանի համագործակցությանը մի շարք ճակատներում», - ասել է Քրուզը:

Նա պարզաբանել է, որ օրենսդրական նախաձեռնությունը ներառում է «Ուկրաինայի նկատմամբ գոյություն ունեցող պատժամիջոցների կիրառում բանկերի, նավթատար նավերի, օդանավերի, օդանավակայանների, նավաշինարանների դեմ», որոնք Ռուսաստանը և Իրանը իբր օգտագործում են ռազմատեխնիկական համագործակցության մեջ։

Բացի այդ, ինչպես նշել է սենատորը, այս օրինագիծն ուղղված է «արգելափակելու այն միլիարդավոր դոլարները, որոնք Իրանն ունի արտասահմանում»։ Ըստ Քրուզի, բանն այն է, որ Թեհրանը հասանելիություն չի ստանա այդ միջոցներին «ատոմի վերաբերյալ հերթական գործարքի» կնքման դեպքում։

Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին այս շաբաթ ասել է, որ ԱՄՆ վարչակազմը առաջիկա օրերին նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի և Իրանի միջև ռազմատեխնիկական համագործակցության մեջ ներգրավված անձանց դեմ։ Քիրբիի խոսքով՝ Իրանը Ռուսաստանին մատակարարում է հիմնականում անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև հրետանային արկեր և տանկային զինամթերք։ Նա պնդել է, որ Իրանը ցանկանում է Ռուսաստանի Դաշնությունից միլիարդավոր դոլարների հարվածային ուղղաթիռներ, ռադարներ և Yak-130 մարտական ուսումնական ինքնաթիռներ և այլ զինտեխնիկա գնել։

Մոսկվան և Թեհրանը բազմիցս մերժել են Ուկրաինայում իրանական անօդաչու թռչող սարքերի ռուսական մատակարարումների վարկածները: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման հաղորդագրությունները կեղծիք է անվանել և ընդգծել, որ ռուսական բանակն օգտագործում է հայրենական արտադրության ինքնաթիռներ։ 2022 թվականի նոյեմբերին Իրանի արտգործնախարարն ասել էր, որ հանրապետությունը Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր է մատակարարել, սակայն փոքր քանակությամբ և Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից մի քանի ամիս առաջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում