Թբիլիսիի շուկաների ստուգման արդյունքում կորոնավիրուսի 6 դեպք է հայտնաբերվել
Համաճարակաբանները ավարտել են մայրաքաղաքի «Լիլո» և «Դինամո» խոշոր շուկաներում աշխատող քաղաքացիների ստուգումները։ Ստուգման արդյունքում հայտնաբերվել է COVID-19 վարակի վեց դեպք: Այս մասին օգոստոսի 3-ին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:
Շուկաների զանգվածային ստուգումները ինչպես Թբիլիսիում, այնպես էլ ամբողջ երկրում սկսվեցին այն բանից հետո, երբ Գարդաբանի շրջանի գյուղերում (Թբիլիսիից 5 կմ հեռավորության վրա) հայտնաբերվեց COVID-19 վարակի նոր շղթա, և պարզվեց, որ վարակվածների մի մասն աշխատում է մայրաքաղաքի հագուստի ամենամեծ շուկայում`Լիլոյում: Գամկրելիձեն նշել է, որ «Լիլո» շուկայի բոլոր աշխատակիցները՝ ավելի քան 4,7 հազար մարդ, ստուգում են անցել:
Այս պահին համաճարակաբանները պարզում են այն ընտանիքների շփումները, որոնք նույնպես կապված են այս շուկայի հետ, ուստի «Լիլոյի» հետ կապված վարակների վիճակագրությունը դեռ կարող է աճել:
Կարծիքներ