Հաստատվել են կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի ընդունելության տեղերը

Հաստատվել են կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի ընդունելության տեղերը

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել են 2023/2024 ուսումնական տարվա` պետու­թյան կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհա­տուց­մամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի (ըստ մասնա­գի­տու­թյունների) և ինտերնատուրայի ընդունելության տեղերը:

ԿԳՄՍ նախարարությանը լիազորվել է համապատասխան նախարարությունների կամ ուսումնական հաստատությունների հայտերի հիման վրա՝ տրամադրված տեղերի շրջանակում, իրականացնել թափուր մնացած տեղերի վերաբաշխում:

Համաձայն հիմնավորման՝ առողջապահության ծառայությունների մատուցման և բժշկական օգնության որակի բարձրացման համար կարևոր գործոն է համակարգը բարձր որակավորմամբ մասնագետներով համալրելը, ինչպես նաև մարդկային ներուժի հավասարաչափ բաշխումը՝ Երևանում և մարզերում:

ՀՀ պաշտպանության և Առողջապահության նախարարություններից և Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանից ստացված հայտերի հիման վրա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, ըստ մասնագիտությունների, ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացրել պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ /անվճար/ առկա ուսուցմաման կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի ընդունելության տեղերը:

Կլինիկական օրդինատուրայի կրթական ծրագրով ուսումնառության անվճար տեղերի հատկացումը նպատակ ունի կանոնակարգել ուսումնական հաստատություններում առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի ընդունելությունը, ինչպես նաև նպաստել բժշկական կադրային ներուժի պատրաստմանն ու ՀՀ զինված ուժերում բժիշկ-սպաների և մարզային առողջապահության կադրային պահանջարկի համալրմանը:

Կլինիկական օրդինատուրայում տեղերի հատկացումը հնարավորություն է ընձեռում ապահովել շարունակական կրթությունը, ինչպես նաև առողջապահության համակարգում առանցքային մասնագիտություններով բժիշկ-մասնագետների փոխարինելիությունն ու բժշկական օգնության և սպասարկման մատուցման կայունությունը:

Ինտերնատուրայում տեղերի հատկացումը նախատեսում է կարգավորել ՀՀ զինված ուժերում առկա բժշկական կազմի թերհամալրվածության խնդիրը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացվել է օրդինատուրայի 10 տեղ, Առողջապահության նախարարությանը՝ օրդինատուրայի՝ 58, Պաշտպանության նախարարությանը՝ օրդինատուրայի՝ 16 իսկ ինտերնատուրայի՝ 70 տեղ:

Այսպիսով՝ որոշման ընդունումը պաշտպանության և առողջապահության ոլորտների համար կապահովի բարձր որակավորմամբ անհրաժեշտ բժշկական կադրերի համալրումն՝ ըստ համապատասխան մասնագիտությունների:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում