Ուկրաինայում հայտնել են, որ արդեն ավելի քան 3000 դատապարտյալ է դիմել զինված ուժերում ծառայելու համար

Ուկրաինայում հայտնել են, որ արդեն ավելի քան 3000 դատապարտյալ է դիմել զինված ուժերում ծառայելու համար

Ուկրաինայում արդեն ավելի քան 3000 դատապարտյալ դիմում է ներկայացրել երկրի զինված ուժերում ծառայելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է «Եվրոպական համերաշխություն» կուսակցության պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն։

«Այս օրինագիծը ներկայացրել եմ դեռ հունվարին։ Որովհետև յուրաքանչյուր ոք իրավունք ունի պաշտպանելու իր հայրենիքը։ Վերջապես մեխանիզմը սկսեց աշխատել», - գրել է նա իր Telegram ալիքում։

Մայիսի 8-ին Գերագույն Ռադան երկրորդ ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որը բանտարկյալների առանձին խմբերի թույլ է տալիս մոբիլիզացվել Ուկրաինայի զինված ուժերի շարքեր: Նրանք դա կարող են անել միայն դատարանի որոշումից հետո և ինքնակամ։ Չեն կարող մոբիլիզացվել ծանր կանխամտածված սպանության, բռնաբարության, սեռական բռնության, ազգային անվտանգության հիմքերի դեմ ուղղված հանցագործությունների համար դատապարտվածները։

«Ժողովրդի ծառա» կուսակցությունում պարզաբանել են, որ Ուկրաինայի զինված ուժեր չեն կարող մտնել կոռուպցիայի համար դատապարտվածները և այն մարդիկ, որոնք առանձնահատուկ պատասխանատու պաշտոններ են զբաղեցրել, մասնավորապես, պատգամավորները և նախարարները։

Հնարավոր մոբիլիզացման ենթակա բանտարկյալների պատժաժամկետի ավարտին պետք է մնացած լինի ոչ ավելի, քան երեք տարի:

Ավելի վաղ «Ուկրաինսկայա պռավդա» պարբերականը հայտնել էր, որ «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիդ Արախամիայի գնահատմամբ՝ Ուկրաինայում բանտարկյալների շրջանում մոբիլիզացիոն հնարավոր ռեսուրսը կազմում է 15-20 հազար մարդ, սակայն պայմանագիրը կստորագրի մոտավորապես մի քանի հազար մարդ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում