Քննարկվում են Արտաշատի քաղաքային մարզադաշտի վերանորոգման և աթլետիկայի վազքուղու կառուցման հարցերը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այցելել է Արարատի մարզ՝ ծանոթանալու սպորտային ենթակառուցվածքների աշխատանքներին։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
Նախարարի տեղակալի այցը մեկնարկել է Արտաշատի քաղաքային մարզադաշտից, որտեղ նա Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի, Արտաշատի քաղաքապետ Կարեն Բենիամինյանի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ ծանոթացել է առկա պայմաններին և քննարկել դրանք բարեկարգելու տարբերակները։
Կարեն Գիլոյանը տեղեկացրել է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և հեռացատկի Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի ռեկորդակիր, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի համագործակցությամբ առաջիկա ամիսներին կմեկնարկեն մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ռետինե ծածկույթով վազքուղու կառուցման աշխատանքները։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր հերթին դիտարկում է ներդրումային ծրագրի միջոցով մարզադաշտի տրիբունաները և հանդերձարանային հատվածները վերանորոգելու և խաղադաշտում բարձրակարգ խոտածածկ տեղադրելու հարցերը, ինչն այդտեղ ինչպես Հայաստանի առաջնության, այնպես էլ միջազգային հանդիպումներ անցկացնելու հնարավորություն կտա։
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը նշել է, որ վերանորոգման դեպքում ֆեդերացիայի միակ պայմանը լինելու է բուն խոտածածկն աթլետիկայի մրցումների համար չօգտագործելը։ ԿԳՄՍ նախարարի տեղակալը դրական է արձագանքել և ընդգծել հնարավոր բոլոր ուղղություններով համագործակցելու կարևորությունը. «Արարատի մարզը սպորտային լուրջ ավանդույթներ ունի, իսկ Արտաշատի մարզադաշտը հաճախ ասոցացվում է հենց աթլետիկայի հետ։ Նպատակաուղղված աշխատանքը և ներդրումները կնպաստեն ոլորտի զարգացմանը։ Ռոբերտ Էմմիյանը շուրջ 10 տարի փորձում է իրականություն դարձնել վազքուղու կառուցումը, այժմ խնդիրը վերջապես լուծման փուլում է: Եթե արտառոց ոչինչ չպատահի, մինչև մայիս կսկսվի վերանորոգման աշխատանքների առաջնային փուլը»։
Հաջորդիվ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այցելել է Ռազմիկ Գոլեցյանի օլիմպիական հերթափոխի ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոց և Այգեզարդ համայնքում գտնվող բացօթյա հրաձգարան (ստենդային): Նախարարի տեղակալը ծանոթացել է կառույցների շենքային և գույքային պայմաններին, լսել աշխատակիցների բարձրաձայնած խնդիրները և քննարկել դրանք լուծելու ուղիները: «Հնարավոր չէ մեկ օրում վերացնել բոլոր խնդիրները, սակայն հետևողական և սրտացավ աշխատանքի շնորհիվ ամեն ինչ կկարգավորվի»,- ասել է Կ. Գիլոյանը։
Շրջայցի ավարտին նախարարի տեղակալն Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի հետ քննարկել է համայնքներում անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման, եղածների բարեկարգման հնարավորությունները և մարզում միջազգային մրցաշարեր անցկացնելու հեռանկարը։ Ռ. Թևոնյանը տեղեկացրել է, որ Լանջազատ համայնքի մարզադպրոցը, որտեղ կան ազատ ոճի ըմբշամարտի և ձյուդոյի խմբակներ, գործում է համայնքային ֆինանսավորմամբ, որը, սակայն, բավարար չէ գործունեությունն ընդլայնելու և առավել արդյունավետ դարձնելու համար: Մարզպետն առաջարկել է հնարավորության դեպքում դիտարկել մարզադպրոցի՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործելու հնարավորությունը, ինչին ի պատասխան՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է, որ հարցն անպայման կքննարկվի:
Կարծիքներ