Արագածոտնում հիմնվել է 5 ՄվՏ հզորությամբ «Թալին-2» արևային ֆոտովոլտային էլեկտրակայանը

Արագածոտնում հիմնվել է 5 ՄվՏ հզորությամբ «Թալին-2» արևային ֆոտովոլտային էլեկտրակայանը

Հայաստանում ամենաշատ արևային օրերն ունեցող մարզերից մեկում՝ Արագածոտնում, ևս 1 արևային ֆոտովոլտային կայան է հիմնվել․ «Բիլդմաստեր» ՍՊԸ-ն Թալինում կառուցել է 5 ՄվՏ հզորությամբ «Թալին-2» կայանը։ Ծրագրի արժեքը շուրջ 5 մլն դոլար է։

 

Նախօրեին հանդիսավորությամբ և պաշտոնատար անձանց մասնակցությամբ տեղի է ունեցել կայանի բացումը։

Ներկա են եղել Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, փոխմարզպետ Հարություն Գուլյանը, մարզպետի խորհրդական Արմեն Գրիգորյանը, մարզպետարանի զարգացման ծրագրերի, վերլուծության և զբոսաշրջության բաժնի պետ Գագիկ Պողոսյանը, Թալինի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Տավրոս Սափեյանը։

 

«Բիլդմաստեր» ՍՊԸ ներկայացուցիչների հետ կարմիր ժապավենը կտրել է մարզպետ Սերգեյ Մովսիսյանը։

Շնորհավորանքի խոսքում նա ընդգծել է, որ կայանը երկրի և մարզի տնտեսական զարգացման, երկրի էներգետիկ կայունության և անկախության ապահովման, կանաչ էներգետիկայի մասսայականացման տեսանկյունից մեծ կարևորություն է ներկայացնում, և նման խոշոր ներդրումները մարզում խրախուսելի են։

 

Կայանն արտադրում է 10 500 000 կվտ-տարի էլեկտրաէներգիա և CO2 գազի արտանետումը կրճատում է 10200 տոննա-տարիով։

Նշենք, որ «Թալին-2»-ի կառուցման համար ձեռք է բերվել շուրջ 11,5 հա հողակտոր, որից շուրջ 7,5 հա էներգետիկ նշանակության հողակտորի վրա կառուցվել է կայանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում