ԱՄՆ-ն մտադիր է օգնել Լիբանանի վերականգնման գործում. Բլինքեն

ԱՄՆ-ն մտադիր է օգնել Լիբանանի վերականգնման գործում. Բլինքեն

Միացյալ Նահանգները մտադիր է աջակցել Լիբանանին նրա վերակառուցման հարցում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։«Լիբանանցիներն իրենք են ցանկանում վերջապես տեսնել, թե ինչպես է իրենց պետությունը վերականգնվում, ամրապնդվում, պատասխանատվություն ստանձնում իր քաղաքացիների կյանքի համար: Դրան հասնելու ուղիներից մեկը նախագահի ընտրությունն է», - ասել է նա Վիենտյանում Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) ամենամյա գագաթնաժողովին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում՝ միևնույն ժամանակ հավելելով, որ այդ հարցը պետք է որոշեն իրենք՝ լիբանանցիները:

Բլինքենը հիշեցրել է, որ Լիբանանի նախագահի պաշտոնը թափուր է մնում արդեն երկու տարի։ Նա հավելել է, որ ԱՄՆ-ն և շատ այլ երկրներ մտադիր են աջակցել Բեյրութին վերականգնման հարցում։ ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ Վաշինգտոնը գրեթե 160 մլն դոլար է հատկացրել Լիբանանում էսկալացման հետևանքով տեղահանված անձանց օգնելու համար։

ԱՄՆ պետքարտուղարը նաև ընդգծել է, որ Իսրայելն ունի ինքնապաշտպանության իրավունք, բայց միևնույն ժամանակ պետք է ապահովի քաղաքացիական բնակչության անվտանգությունը շիա «Հեզբոլլահ» կազմակերպության և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ ռազմական գործողությունների շրջաններում։ «Իսրայելն իրավունք ունի պաշտպանվելու ահաբեկչական հարձակումներից, որոնք կատարում են «Հեզբոլլահ»-ը և ՀԱՄԱՍ-ը, - ասել է նա:

- Բայց նաև չափազանց կարևոր է, որ Իսրայելը դա անելիս կենտրոնանա քաղաքացիական բնակչության պաշտպանությունն ապահովելու վրա»:

ԱՍԵԱՆ-ի շաբաթը տեղի է ունենում Լաոսի մայրաքաղաք Վիենտյանում հոկտեմբերի 8-ից 12-ը: Այդ ընթացքում տեղի են ունեցել ԱՍԵԱՆ-ի 44-րդ և 45-րդ գագաթնաժողովները, ինչպես նաև տեղի կունենան ԱՍԵԱՆ-ի ղեկավարների հանդիպումներ գործընկեր երկրների ղեկավարների հետ, ինչպես նաև 19-րդ Արևելաասիական գագաթնաժողովը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում