Արայիկ Հարությունյանը ծանոթացել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի բարեկարգման աշխատանքներին

Արայիկ Հարությունյանը ծանոթացել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի բարեկարգման աշխատանքներին

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, ծանոթացել բռնցքամարտի Եվրոպայի առաջնության, եվրատեսիլյան մրցույթի անցկացման նպատակով համալիրի շենքում իրականացվող շինարարական, վերականգնողական և բարեկարգման աշխատանքների ընթացքին:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հաջորդ տարի Հայաստանում ակնկալվում է ևս մեկ մարզական մեծ միջոցառում՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը:

Պատասխանատուների ներկայացմամբ, այս տարի մարտի 13-ին մեկնարկած աշխատանքների արդյունքում արդեն իսկ վերանորոգվել են համերգային և սպորտային դահլիճներին կից հանդերձարաններն ու միջանցքները, ջրամեկուսացվել են պատշգամբները: Համալիրի շենքի ճակատային մասերում, գլխավոր ճակատի տանիքին, աջ և ձախ թևի տանիքներին հարող հատվածներում և արտաքին երեսպատման աշխատանքներում իրականացվել են կոսմետիկ նորոգման աշխատանքներ:

Առաջիկայում փոխարինվելու են հին վերելակները, վերանորոգման փուլում են գտնվում շոգեբաղնիքները, փոխվելու են բոլոր ցնցուղներն ու ծորակները:

Արայիկ Հարությունյանը կարևորել է աշխատանքների ժամանակին և որակյալ իրականացումն ու ընդգծել, որ մարզահամերգային համալիրում տեղի ունենալիք միջազգային միջոցառումները պետք է կազմակերպվեն ու անցկացվեն բարձր մակարդակով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում