Ամփոփվել է «Շառլ Ազնավուր 100», «Սերգեյ Փարաջանով 100» համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնը
Հենրիխ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհային աջակցությամբ իրականացրել է «Շառլ Ազնավուր 100», «Սերգեյ Փարաջանով 100» համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնը։
Ամփոփիչ միջոցառմանը ներկա են եղել և մրցանակները հանձնել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը, ինչպես նաև Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
Մրցույթ-փառատոնը նախատեսված էր Հայաստանի և սփյուռքի 8-18 տարեկան երեխաների և պատանիների համար։ Հիմնական նպատակն էր հնարավորություն ընձեռել երեխաներին և պատանիներին ավելի խորը ուսումնասիրելու և ծանոթանալու Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի ստեղծագործական գործունեությանը և ժառանգությանը, հետևաբար՝ ընդլայնելու իրենց գիտելիքները և հմտությունները արվեստի ոլորտում, զարգացնելու գեղագիտական ճաշակը և վերլուծական կարողությունները։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհավորել է մասնակից երեխաներին և նշել․ «Պատահական չէ, որ մրցույթն այս տարի նվիրված է երկու մեծանուն հայերին և կազմակերպվել է պետական հոբելյանական միջոցառումների շրջանակում»։
Այս համատեքստում նա հավելել է՝ 2024 թվականին լրացել է Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի 100-ամյակը: Հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպման նպատակով ձևավորվել էին հոբելյանական հանձնաժողովներ, և հոբելյանական տարում իրականացվել են բազմաթիվ միջոցառումներ նաև արտերկրում: Արթուր Մարտիրոսյանը հատկապես ընդգծել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները, և նշել: Նա նաև տեղեկացրել է, որ երկու մեծանուն հայ մշակութային գործիչների հոբելյաններն ընդգրկված էին ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2024-25 թվականների օրացույցում:
Կարևորելով նկարչական մրցույթ-փառատոնի անցկացումը թե՛ հոբելյանական տարվա, թե՛ մշակույթի ռազմավարության դրույթների շրջանակում՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է. «Այս միջոցառմամբ մի կողմից փորձում ենք մեծարել մեր անվանի արվեստագետներին ու նրանց վաստակը, մյուս կողմից՝ երեխաներին ներգրավելով՝ ուզում ենք նրանց հաղորդակից դարձնել մեր մշակույթին, նաև մղել ոգեշնչվելու մեր արժեքներով և ստեղծագործաբար արժևորելու մեծերին՝ այդպիսով խթանելով նաև նրանց ստեղծագործականությունը. ով իմանա, գուցե ապագայի հանճարները նաև նրանց շարքերում են»:
Նա նաև նշել է, որ առանցքային նպատակներից է նաև այս միջոցառմամբ ևս մեկ անգամ մշակույթի միջոցով ամրապնդելու Հայաստան-սփյուռք միասնությունը, ապահովելու երկխոսություն և կայուն համագործակցություն։
Մրցույթ-փառատոնին ներկայացվել է 104 աշխատանք՝ 49 կրթական հաստատությունից, այդ թվում՝ սփյուռքից։
Մրցույթ-փառատոնում ընտրությունը կատարվել է երկու տարիքային խմբով՝ 8-12 տարեկան և 13-18 տարեկան։ Յուրաքանչյուր տարիքային խմբում մասնակիցների համար սահմանվել են 1-ին, 2-րդ, 3-րդ հորիզոնականների մրցանակներ։
Մրցույթի շրջանակում երեխաների աշխատանքները ցուցադրվում են Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում։ Ցուցահանդեսը կգործի մինչև փետրվարի 28-ը (հասցե՝ Աբովյան 13):
Կարծիքներ