Իսրայելում կորոնավիրուսի բռնկումը երկրորդ պլան է մղել Արեւմտյան ափի հատվածները անեքսիայի ենթարկելու նրա ծրագիրը
Իսրայելում կորոնավիրուսի բռնկումը եւ Վարչապետ Բենջամին Նեթանյահուի կառավարությունում ունեցած տարաձայնությունները երկրորդ պլան են մղել օկուպացված Արեւմտյան ափի հատվածները անեքսիայի ենթարկելու նրա ծրագիրը, գրում է Reuters-ը:
Թեեւ Նեթանյահուն եւ պաշտպանության նախարար Բենի Հանցը՝ կենտրոնամետ կոալիցիայի նրա գործընկերը, պայմանավորվել էին, որ կառավարությունը հուլիսի 1-ից կարող է սկսել անեքսիան, կառավարության մակարդակով անցկացվել է քննարկում, որը արդյունք չի տվել, հայտնում է Reuters-ը:
Եվ քանի որ դեռեւս Վաշինգտոնի հետ պայմանավորվածություն չկա այս քայլի պայմանների վերաբերյալ՝ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության առաջարկության համաձայն, Արեւմտյան ափին հրեական բնակավայրերում եւ Հորդանան գետի հովտում Իսրայելի ինքնիշխանությունն ընդլայնելու ցանկացած քայլ անհավանական է:
Պաղեստինցիները մերժել են Թրամփի ծրագիրը: Եվրոպական եւ արաբական տերությունները նախազգուշացնում են դիվանագիտական հետեւանքների մասին, եթե Իսրայելը միակողմանիորեն անեքսիայի ենթարկի հողերը:
Միաժամանակ, Նեթանյահուն անհանգստացած է կորոնավիրուսի դեպքերի աճով: Գործազրկությունը հասել է ռեկորդային 21%-ի, իսկ հակակառավարական բողոքի ցույցերի ժամանակ ավելի ու ավելի շատ բռնություններ են լինում։
Իսրայելում Ժողովրդավարության անկախ ինստիտուտի երեքշաբթի օրը անցկացրած հարցման արդյունքում պարզվել է, որ բնակչության միայն 29,5%-ն է վստահում ճգնաժամի կարգավորման Նեթանյահուի գործողություններին:
Մեկ այլ պաշտոնյա, ով ցանկացել է անհայտ մնալ, ասել է, որ անցել է ավելի քան մեկ շաբաթ այն ժամանակվանից, երբ իսրայելցի պատվիրակները անեքսիայի հարցով վերջին անգամ խոսել են ԱՄՆ հանձնակատարների հետ:
Կարծիքներ