ՄԱԿ-ի փորձագետները ԱՄՆ-ին մարդու իրավունքների խախտման մեջ են մեղադրել
1984-ին մեկնարկած «Պարգեւատրում արդարադատությանն օգնելու համար» ամերիկյան ծրագիրը, խախտում է որոշ անձանց իրավունքները եւ վերանայման կարիք ունի, ասվում է ՄԱԿ մարդու իրավունքների մի խումբ փորձագետների հայտարարության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ծրագիրը նախատեսում է պարգեւներ այնպիսի տեղեկատվության համար, որը նպաստում է ցանկացած անձի ձերբակալմանը կամ դատապարտմանը, որն աջակցել, ծրագրել, կատարել կամ փորձել է իրականացնել ԱՄՆ-ում անհատների, սուբյեկտների կամ գույքի դեմ միջազգային ահաբեկչություն:
Մարդու իրավունքների վրա միակողմանի սահմանափակող միջոցառումների բացասական ազդեցության վերաբերյալ ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի հատուկ զեկուցող Ելենա Դովգանն ասել է, որ ծրագրում ընդգրկվածներից շատերին մերժել են պահպանել նրանց դատավարական իրավունքները:
«Այս իրավունքները ենթադրում են անմեղության կանխավարկած եւ արդար դատավարություն, եւ Միացյալ Նահանգները միջազգային օրենսդրությամբ պարտավոր է հարգել դրանք: Տեղեկատվության համար գումար առաջարկելով՝ ծրագիրը խրախուսում է մյուսներին մասնակցել այդ իրավունքների մերժմանը»,- ասվում է Դովգանի հայտարարության մեջ:
Իր հերթին, Դովգանը ԱՄՆ կառավարությանը կոչ է արել վերանայել նշված ծրագիրը, որպեսզի ապահովի իր գործունեության համապատասխանեցումը միջազգային օրենսդրությանը:
«Ահաբեկչության դեմ պայքարն, անշուշտ, անհրաժեշտ է, բայց այն պետք է իրականացվի միայն մարդու իրավունքների, միջազգային հումանիտար իրավունքի եւ փախստականների իրավունքների պատշաճ հարգանքով` ՄԱԿ ահաբեկչության դեմ պայքարի գլոբալ ռազմավարության համաձայն»,- ասել է ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը:
Կարծիքներ