Նախարարն անդրադարձավ ՌԴ-ից դրամական փոխանցումների կանխատեսվող նվազմանը, ՀՀ-ից արտահանման հնարավոր խնդիրներին

Նախարարն անդրադարձավ ՌԴ-ից դրամական փոխանցումների կանխատեսվող նվազմանը, ՀՀ-ից արտահանման հնարավոր խնդիրներին

Ռուսաստանից Հայաստան տարեկան իրականացվում են մոտ 850 մլն դոլարի չափով դրամական փոխանցումներ. ՌԴ-ում ստեղծված իրավիճակով պայմանավորված նախատեսվում է, որ այդ հոսքերը  կնվազեն մոտ 40 տոկոսով:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցությունից Հռիփսիմե Ստամբուլյանի՝ ՀՀ տնտեսությունում հնարավոր շոկերի վերաբերյալ հարցին:

Նախարարը նախ նշեց, որ շոկերը քիչ չեն՝ առանձնացնելով մի քանիսը: «Մեկը մեր համաքաղաքացիների դրամական փոխանցումներն են, որ ստացվում են ՌԴ-ից: Մեր ընտանեկան, բարեկամական կապերի ուժով վերջին տարիների ընթացքում այդ դրամական փոխանցումներն ունեցել են շատ զգալի ծավալներ: 2020-2021 թթ ընթացքում այդ փոխանցումները տարեկան մոտ 850 մլն դոլարի չափ են եղել: Կնվազեն, ենթադրում ենք, եթե այնտեղ տնտեսական պայմանները դժվարանում են, բնական է, դա կազդի նաև այդ փոխանցումների մեծության վրա»,-ասաց նախարարը:

Իսկ թե Ռուսաստանից փոխանցումներն ինչ չափով կնվազեն,  նախարարն առաջարկում է հետ նայել 2014, 2015, 2016 թթ, երբ ոչ այս չափով, բայց մեծ դժվարություններ կային ՌԴ տնտեսության առջև: «Մենք կարծում ենք, որ մինչև 40 տոկոսով կարող են այդպիսի փոփոխություններ տեղի ունենալ»,-նշեց Խաչատրյանը:

Խոսելով Հայաստանից Ռուսաստան արտահանումների  մասին՝ նախարարը վստահություն հայտնեց, որ ժամանակի ընթացքում հայ արտահանողներն ընդհանուր առմամբ կվերագտնեն հնարավորությունները, համանման իրավիճակ եղել է նաև 2015-ին, 2016-ին: «Իհարկե, որոշներն ունեցել են կարճաժամկետ դժվարություններ, որոշների համար նույնիսկ այդ դժվարությունները եղել են ճակատագրական: Բայց, ընդհանուր առմամբ, մեր արտահանող հատվածը որոշակի ժամանակահատվածում վերադասավորվել, վերահարմարվել և շարունակել է իրագործել իր զարգացման ծրագրերը: Մեզ մոտ կլինե՞ն այդպիսի կարճաժամկետ շոկեր այս ժամանակահատվածում. անպայման: Մենք 2021-ի արդյունքներով ունեցել ենք մոտ 860-870 մլն դոլարի արտահանում ՌԴ, քիչ չեն փոքր ու միջին արտադրողները՝ փոքր ջերմոցներ, գյուղատնտեսական ապրանք աճեցնող, արտահանող, վերամշակող կազմակերպություններ, որոշակի արդյունաբերական արտադրանք արտահանողներ, որոնք հատկապես, երբ արժույթի արժեզրկման հետ կապված շոկեր եղան և իրենց դեբիտորական պարտքերը գնանշված էին ռուբլիով, կրել են այդ ազդեցությունը, դա անխուսափելի է»,-ասաց նախարարը:

Խաչատրյանը ձեռնպահ մնաց գնահատական տալուց, թե դա ինչ չափով կազդի 2022-ի տնտեսական ակտիվության վրա:

Անդրադառնալով ԿԲ-ի՝ տնտեսական աճի կանխատեսում մինչև 1.6 տոկոսի հասցնելու վերաբերյալ հարցին՝ նա ասաց, որ ԿԲ-ն պարտավոր է դա անել, քանի որ յուրաքանչյուր եռամսյակը մեկ իր դրամավարկային քաղաքականությունը համապատասխանեցնում է կարճաժամկետում իր կողմից սպասվող փոփոխություններին, այդ թվում՝ գնաճային ռիսկերը կառավարելու համար: «Չի բացառվում, որ 3 ամիս հետո, երբ այս անորոշությունները մեղմված լինեն, այդ 1.6 տոկոսը նորից դարձնեն 5.3: Իրենք պարտավոր են դա անել 3 ամիսը մեկ»,-ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ կառավարությունը կարճաժամկետում նման վերանայում անելու խնդիր չունի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում