Ով է Արցախի անվտանգության նորանշանակ քարտուղարը

Ով է Արցախի անվտանգության նորանշանակ քարտուղարը

Արցախի նախագահի հրամանագրով այսօր ԱՀ անվտանգության խորդի քարտուղար է նշանակվել Արարատ Մելքումյանը` փոխարինելով պատերազմից հետո այդ պաշտոնը զբաղեցնող Վիտալի Բալասանյանին:

Ներկայացնում ենք նորանշանակ Անվտանգության խորհրդի քարտուղարի կենսագրությունը:

Արարատ Մելքումյանը ծնվել է 1973 թվականի փետրվարի 1-ին Մարտունու շրջանի Կարմիր Շուկա գյուղում։ Ընտանիքը բաղկացած է եղել վեց երեխայից։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Մոսկվայի իրավաբանական ինստիտուտի հեռակա բաժինը։ 1991 թվականին զորակոչվել է Խորհրդային բանակ։ Մեկ տարի անց վերադարձել է Մարտունի քաղաք և ընդգրկվել Կարմիր Շուկայի ինքնապաշտպանական ջոկատում։ Նրա հրամանատարներն են եղել Մոնթե Մելքոնյանն ու Մովսես Հակոբյանը։

Եղել է վաշտի հրամանատար, 1994 թվականին պարգևատրվել է Արցախի «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։

Հետագայում ուսումը շարունակել է Մոսկվայի համազորային ակադեմիայում, որից հետո աշխատանքի անցել Արցախի պաշտպանության բանակի խոշոր զորամիավորումներից մեկում։

Եղել է Արցախի N զորամասի հրամանատար։

2016 թվականին իր ջոկատի հետ մասնակցել է Քառօրյա պատերազմին և պարգևատրվել Հայաստանի «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։

2018 թվականի փետրվարին նշանակվել է ՀՀ ՊՆ 1-ին զորամիավորման հրամանատար։

2019 թվականի հուլիսից Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավարն է։

2020 թվականի Հայ-ադրբեջանական պատերազմում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից Արարատ Միքայելի Մելքումյանին շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում