Նոր մանրամասներ՝ արագ սննդի կետի մոտ տեղի ունեցած դեպքից. պարզվել է վիճաբանության մասնակիցների ինքնությունը
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Ռուբինյանց և Պ. Սևակ փողոցների խաչմերուկի մոտ տեղի է ունեցել դանակահարություն և մի քանի հոգի տեղափոխվել են բժշկական կենտրոններ:
Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
«Քանաքեռ-Զեյթուն» և «Իզմիրլյան» բժշկական կենտրոններից տեղեկացրել են, որ մարմնի տարբեր հատվածներում «կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Երևան քաղաքի 18, 19, 20 և 36 տարեկան քաղաքացիներ, որոնցից վերջինը, գիտակցության չգալով, մահացել է։
Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 166-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ։
Սկսված անհետաձգելի քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև Ոստիկանության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2023 թվականի հունվարի 6-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, ինքնությունները դեռևս չպարզված մի խումբ երիտասարդ արական սեռի անձինք, Երևան քաղաքի Պարույր Սևակ և Ռուբինյանց փողոցների խաչմերուկի հարակից հատվածում՝ Պարույր Սևակ փողոցի բանուկ մասում, վիճաբանության մեջ են մտել վերոնշյալ 4 երիտասարդների հետ։
Ցուցաբերվել է հասարակության նկատմամբ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք, որը դրսևորվել է հայհոյանքներով և անպարկեշտ արտահայտություններով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, մարդկանց անդորրը խախտելով և երթևեկության բնականոն ընթացքը խոչընդոտելով:
Վիճաբանության ընթացքում մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ մարմնական վնասվածքներ են պատճառվել վերը նշված անձանց, որոնցից մեկը մահացել է:
Նախաքննություն կատարելու համար ձևավորվել է քննչական խումբ։ Կատարվել է դեպքի վայրի զննում, առգրավվել են տուժողների հագուստները։
Որոշումներ են կայացվել՝ դատաբժշկական և դիակի դատաբժշկական փորձաքննություններ նշանակելու մասին:
Դեպքի հանգամանքները պարզելու, հանցանք կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու նպատակով Ոստիկանությանը տրվել է հանձնարարություն:
Հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել են դեպքի վայրի և հարակից հատվածների տեսանկարահանող սարքերի տեսագրությունները:
Նախաքննությունը շարունակվում է։
Կարծիքներ