Սահմանապահ գյուղերի փողոցները շարունակում են լուսավորվել. Վիվա-ՄՏՍ
Թեև ընթացիկ տարում բավականին լուրջ մարտահրավերներ են եղել, սակայն Հայաստանի մարզերում ենթակառուցվածքների զարգացման ծրագիր իրականացնող կազմակերպությունները՝ Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), հետևողականորեն շարունակել են ենթակառուցվածքների զարգացման աշխատանքները: Գործընկերներն ստիպված են եղել փոխել աշխատանքի մեթոդներն ու կայացնել իրավիճակից բխող որոշումներ՝ հուլիսյան դեպքերի, համավարակի, ապա նաև սեպտեմբերին սկսված պատերազմի պատճառով: Աջակցության թիրախն ու նպատակը, սակայն, պահպանվել են: Ավելին, ծրագրում ներառվել են սահմանապահ այնպիսի գյուղեր, որոնք բավականին մեծ վնաս են կրել հուլիսյան պատերազմի հետևանքով:
Պետական սահմանից 1,5 կմ հեռավորությամբ գտնվող Այգեպարն աշնանն է ընդգրկվել ենթակառուցվածքների զարգացման ծրագրում: Լուսադիոդային LED համակարգով փողոցները լուսավորելը կարևոր է տարրական պայմանների ապահովման և բնակիչների անվտանգության ապահովման համար: Ընթացքում են հենասյուների տեղադրման աշխատանքները: Ամեն ինչ արվում է՝ մինչև տարեվերջ գյուղն ամբողջությամբ լուսավորելու համար: Նախատեսված է տեղադրել 25 լուսարձակ և լուսավորել շուրջ 900 մ ճանապարհահատված:
«Թշնամու դիրքերից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա հենասյուների տեղադրման աշխատանքներ են իրականացվում: Դա հեշտ չէ, քանի որ ցանկացած պահի կարող են կրակոցներ լինել: Մենք երեք ամիս առաջ լուրջ վնասներ ենք ունեցել գյուղում: Սակայն, եթե նայենք այդ իրավիճակին, պետք է ոչինչ չանենք: Քանի որ ապրում ենք այս գյուղում, պետք է գործենք. կյանքը շարունակվում է, գյուղից ոչ ոք չի հեռացել: Մենք պետք է կարողանանք ամուր կպնել մեր հողին, ավելի շատանանք և ուժեղանանք, որպեսզի կարողանանք դիմակայել այս արհավիրքին»,-ասել է Այգեպարի վարչական ղեկավարի պաշտոնակատար Արկադի Յամուկյանը:
Տավուշի մարզի սահմանամերձ մեկ այլ՝ Վազաշեն գյուղում ևս փողոցային լույսերի էներգախնայող համակարգ է կառուցվել: Այստեղ էկոնոմ, բայց հիմնականում շատ հին լամպերով լուսավորված է եղել միայն գյուղի կենտրոնական փողոցը: Այժմ, տեղակայված ամենաէներգախնայող LED-երը գյուղի մուտքից հասցրել են մինչև կենտրոն: Ծրագրի վերջին փուլով, տեղադրվել է 40 լուսարձակ, լուսավորվել շուրջ 1500 մ ճանապարհ:
«Տարին շատ բարդ խնդիրներ ստեղծեց բոլորիս համար։ Ստիպված եղանք սահմանափակվել հեռավար շփումներով, հաղթահարել բոլորիս նետված լուրջ մարտահրավերն ու խնդիրները։ Սակայն, կար դրված նպատակ և մեր գործընկերների հետ, ավելի վճռական դարձանք` սահմանին ապրող մեր հայրենակիցներին օգտակար լինելու համար։ Լավ, հետևողական աշխատանքն ու անպայման հաջողելու անհրաժեշտությունը պետք է դառնան ապրելակերպ։ Դա են պահանջում ժամանակը, մեր առջև ծառացած խնդիրներն ու ապագան», - ասել է Վիվա֊-ՄՏՍ-֊ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Մարզերում ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված, ներառյալ՝ LED լուսարձակների տեղակայման աշխատանքներն իրականացվում են գործընկերների կողմից նախապես հաստատված ծրագրի շրջանակներում։
«Շատ բարդ էր պատերազմական իրավիճակում ծրագիր իրականացնելը: Սեպտեմբերին սկսված պատերազմի առաջին մի քանի օրը չենք աշխատել. չէինք պատկերացնում՝ կարո՞ղ ենք շարունակել, թե՞ ոչ: Տրամադրվելն էր շատ բարդ: Կար նաև աշխատուժի որոշակի խնդիր՝ շինարարական կազմակերպությունների մոտ: Հիմնական մասնագետների մի մասը կամավորագրվել և մեկնել էր ռազմաճակատ: Գյուղերից լրացուցիչ աշխատուժի ներգրավմամբ՝ իրականացրել ենք աշխատանքը: Եթե փորձեմ գնահատել՝ ծրագիրը բավականաչափ արագ է իրականացվել»,-ասել է ծրագրի համակարգող Մարտին Մարալչյանը:
Վազաշենում աշխատանքներն արդեն ավարտվել են: Համակարգը շահագործվել է: Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), տարբեր համայնքներում հետևողականորեն շարունակում են ծրագիրը: Աշխատանքներն ընթացքի մեջ են:
Կարծիքներ