Բանակցային գործընթացում իմ կողմից արտահայտած որևէ նախադասություն չկա, որից ԼՂ իշխանությունը տեղյակ չէ. վարչապետ

Բանակցային գործընթացում իմ կողմից արտահայտած որևէ նախադասություն չկա, որից ԼՂ իշխանությունը տեղյակ չէ. վարչապետ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ 2018 թվականից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված  բանակցային գործընթացում իր կողմից արտահայտած որևէ նախադասություն չկա, որից Լեռնային Ղարաբաղի իշխանությունը տեղյակ չէ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Փաշինյանն ասաց, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ տասնյակ հանդիպումներ է ունենում, որոնք չեն լուսաբանվում:

«Ամեն բանակցությունից առաջ և  հետո Արայիկ Հարությունանի հետ մենք քննարկում ենք ունենում: Ապրիլին ԱԺ-ում իմ հայտնի ելույթի ընթացքում ես ինքս եմ առաջարկել, որպեսզի ԼՂ-ից ներկայացուցչական պատվիրակություն գա,  և մենք քննարկում ունենանք»,-ասաց վարչապետը՝ նշելով, որ այն, ինչ ինքն է փոխանցում Արայիկ Հարությունյանին, Արցախի նախագահն էլ իր հերթին փոխանցում է ԼՂ քաղաքական վերնախավին:

Անդրադառնալով պնդումներին, որ վարչապետը վերջերս Հայաստան ժամանած Արցախի պատվիրակությանն ընդունել է միայն չորս օր հետո՝ Փաշինյանն ասաց, որ պատվիրակությունը մինչ այդ հանդիպումներ է ունեցել Հանրապետության նախագահի, ԱԽ քարտուղարի, ԱԺ նախագահի հետ:

«Մենք ուղղակի հանդիպումները պլանավորել ենք ըստ հերթականության: Ես կարող էի սկզբից ընդունել պատվիրակությանը»,- նշեց վարչապետը՝ ընդգծելով, որ երբեք չի հրաժարվել Արցախից որևէ պատվիրակության ընդունելուց:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում