Այդ անբարոյականը սկսում է գրել, վերջում ժամ է դնում վրաս. Արզաքանցյանը մանրամասնել է, թե ինչ է պահանջել իրենից «Դոգ»-ը
«Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը և վերջինիս փաստաբան Գեորգի Մելիքյանն այսօր ասուլիս էին հրավիրել, որի ժամանակ մանրամասներ հայտնեցին, թե ինչպես է Վարդան Ղուկասյանը (հանրությանն առավել հայտնի «Դոգ» մականվամբ) սպառնացել Արզաքանցյանին և փորձել գումար կորզել:Այս մասին հայտնում է Հայկական ժամանակը:
«Քանի որ պարոն Արզաքանցյանի հետ կապված միջադեպը, որի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել, որոշակի հանրային հնչողություն ունի, կարևորում ենք, որ պարոն Արզաքանցյանը իր արձագանքը տա հանրային հարթակներում հնչեցված մեղադրանքներին կամ ապացույցներին»,- ասուլիսի մեկնարկին ասաց նրա փաստաբանը:
Նա նաև ընդգծեց, որ նախաքննական գաղտնիքի հետ կապված կաշկանդված են լիարժեք ներկայացնել բոլոր ապացույցները, սակայն դատավարությունից հետո աներկբա կդառնա, որ պարոն Արզաքանցյանի հանդեպ տեղի ունեցած հանցագործությունը առկա է, և մեղավորները պետք է ենթարկվեն պատասխանատվության:
Տիգրան Արզաքանցյանն էլ նշեց. «Այդ անձը իրեն ազնիվ է համարում, «Հանրային ձայն» է կոչում իրենց կուսակցությունը: Կուսակցության խմբի անդամներն էլ պետք է իմանան, որ նրա համար պարզապես գործիք են, հայտնի մարդկանց անունները վարկաբեկելու և յութուբյան իր ալիքում մեծ դիտումներ ապահովելու համար: Իրենք լուրջ ընկերություն են ստեղծել շորթումներ անելու համար»:
Արզաքանցյանը ներկայացրեց նաև հատվածներ «Դոգի» և իր ունեցած նամակագրությունից:
«Այդ անբարոյականը պարզում է իմ համարը տարբեր խողովակներով, հիմա նայեք՝ Վարդան Ղուկասյան՝ «Դոգ», էդպես էլ գրած ա անունը: «Լսում ես այ տղա», գրում է, «Փարիզ լա՞վ էր»: Ես Փարիզում էի այդ ժամանակ: Գրում եմ՝ դու ո՞վ ես, ասում է գուշակի երեք անգամից: Հետո սկսում է գրել, գրել, գրել, գրել.... վերջում ժամ է դնում իմ վրա, որ ժամանակ ունեմ մինչև երեկո: Մի հատ անբարոյական մարդ, որ ես իրենից ու իր չար լեզվից վախենամ ու վճարեմ գումարներ, որ չանդրադառնա ինձ և իմ ընտանիքին»,- պատմեց Արզաքանցյանը:
Վերջինս նկատեց՝ այդ մարդուն լսելը արդեն հանցագործություն է. «Որովհետև դուք ձեր գլուխը լցնում եք զիբիլով՝ աղբով, այդ տականքի բառերը դաջվում են ուղեղի մեջ: Մարդը եթե ծնողների է վիրավորում, երեխաներին, քաղաքական գործիչների, մշակույթի գործիչներին: Իրավունք չունենք թույլ տալու, որ մեր ապագա սերունդը նայի նման հայհոյանքներ, իսկ շորթման համար իրենք պետք է պատասխան տան: Մեր իրավապահ մարմինները, կարող եմ վստահ ասել, որ ամենօրյա հետևողական աշխատանք են կատարում, որ այդ հանցագործ խումբը պատասխան տա իրենց բոլոր արարքների համար»:
Ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ քննչական կոմիտեն հանդես էր եկավ հաղորդագրությամբ՝ հայտնելով, որ «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար՝ «Դոգ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանին կլանավորելու որոշում է կայացվել, քայլեր են ձեռնարկվել նրան ԱՄՆ-ից ՀՀ փոխանցելու ուղղությամբ:
Հաղորդագրությունից պարզ էր դառնում, որ գործն առնչվում է «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանից խաբեությամբ ավելի քան 110 հազար դոլար գումարի չափով շորթում կատարելու, ինչպես նա մեկ այլ անձի՝ ծառայությունների մատուցման քողի ներքո գիշերային ակումբի պատասխանատու ներկայացուցչին գույքային պահանջներ ներկայացնելու, վերջինիցս 60 հազարից - 100 հազար ԱՄՆ դոլար գումարի չափով շորթում կատարելու վերաբերյալ։
Կարծիքներ