Եվրամիությունը մտադիր է իր պատմության ամենախիստ պատժամիջոցների փաթեթը կիրառել Ռուսաստանի դեմ
Եվրամիությունը մտադիր է Ռուսաստանի դեմ կիրառել միության ողջ պատմության մեջ պատժամիջոցների ամենախիստ փաթեթը՝ կապված Ուկրաինայում սկսված ռազմական գործողության հետ։ Այս մասին հինգշաբթի օրը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
«Մենք ԵՄ արտակարգ գագաթնաժողովում (կայանալու է այսօր) քաղաքական մանդատ կստանանք՝ երբևէ պատժամիջոցների ամենախիստ փաթեթը կիրառելու համար», - ասել է նա՝ ընդգծելով, որ Եվրոպան անցնում է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո իր ամենամութ ու վտանգավոր ժամերով:
Ինչպես իր հերթին ասել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, ԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի ռուսական տնտեսության ռազմավարական հատվածների դեմ՝ արգելափակելով մուտքը հիմնական տեխնոլոգիաներ և շուկաներ։
«Այսօր մենք եվրոպական առաջնորդներին կներկայացնենք լայնածավալ և նպատակաուղղված պատժամիջոցների փաթեթ՝ նրանց հաստատման համար: Այս փաթեթով մենք թիրախավորելու ենք Ռուսաստանի տնտեսության ռազմավարական հատվածները՝ արգելափակելով նրանց մուտքը հիմնական տեխնոլոգիաներ և շուկաներ: Մենք կթուլացնենք Ռուսաստանի տնտեսական բազան և դրա արդիականացման կարողությունը»,- ասել է նա։
Բացի այդ, նրա խոսքով, ԵՄ-ն կսառեցնի ռուսական ակտիվներըԵվրամիության տարածքի ներսում և կդադարեցնի ռուսական բանկերի մուտքը եվրոպական ֆինանսական շուկա։ «Ինչպես պատժամիջոցների առաջին փուլի դեպքում, մենք սերտորեն համագործակցում ենք գործընկերների և դաշնակիցների հետ: Այս պատժամիջոցները կոչված են լրջորեն վնասելու Կրեմլի շահերին և պատերազմը ֆինանսավորելու նրա կարողությանը», - հավելել է նա:
Նշենք, որ Եվրամիության 27 երկրների ղեկավարները այսօր երեկոյան արտակարգ հանդիպում կանցկացնեն՝ քննարկելու Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը և Ռուսաստանի նկատմամբ հետագա քայլերը։
Կարծիքներ