ԱԺ նիստում քննարկվել է Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում գտնվող մարզակառույցը մասնավորեցման ցուցակից հանելու և ԿԳՄՍՆ-ին հանձնելու մասին հարցը
Սեպտեմբերի 11-ին մեկնարկել են Ազգային ժողովի ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի աշխատանքները:
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում գտնվող մարզակառույցը հանել օտարվող գույքի ցուցակից և հանձնել ԿԳՄՍ նախարարությանը՝ հաշվի առնելով հանրապետությունում մարզակառույցների սղության և պայմանների բացակայության խնդիրը:
Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Նրա խոսքով՝ մարզակառույցը երկար տարիներ ծառայել է հայկական սպորտին, եղել է հավաքական թիմերի մարզական կենտրոն, որտեղ կազմակերպվել են ուսումնամարզական հավաքներ և մարզումներ:
«Սա անչափ կարևոր կառույց է մեզ համար, ժամանակին եղել է բարձրագույն վարպետության կենտրոն և ծառայել է Հայաստանի հավաքականներին: Այդպիսի դահլիճներով մարզահամալիր Հայաստանում չկա: Մարզահամալիրը ԿԳՄՍ նախարարությանը վերադարձնելու և հիմնանորոգելու դեպքում մենք կունենանք պետական գոնե մեկ բազա»,- նշել է Կարեն Գիլոյանը:
Մարզահամալիրն ունի վարչական տարածք, ճաշարան, ննջարանային մասնաշենք՝ նախատեսված շուրջ 60 հոգու համար, 2 մարզադահլիճ՝ յուրաքանչյուրը 1600 քմ տարածքով: Մարզադահլիճներից մեկը չափերով համապատասխանում է գեղարվեստական մարմնամարզության միջազգային չափորոշիչներին, և այնտեղ տարիներ շարունակ ուսումնամարզական հավաք է իրականացրել գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի մանկապատանեկան մարզադպրոցը: Մյուս մարզադահլիճը ծառայել է ըմբշամարտի, ձյուդոյի և բռնցքամարտի պարապմունքների համար:
ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է՝ մարզահամալիրի տարածքում նախատեսվում է նաև մարզիկների համար առողջավերականգնողական կենտրոն հիմնել, որի անհրաժեշտությունը նույնպես շատ մեծ է:
Կարեն Գիլոյանն անդրադարձել է նաև հանրապետությունում իրականացվող մարզական խոշոր կառույցների շինարարական աշխատանքներին:
«Երկու օր առաջ հետևել եմ Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի շինարարական աշխատանքներին: Դեկտեմբերին մարզադպրոցը կհանձնվի շահագործման՝ ամբողջությամբ կահավորված նոր մարզագույքով: Կունենանք ծանրամարտի մասնագիտացված մարզադպրոց: Կառուցվում է նաև Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրը: Մի շարք մարզադպրոցների կառուցման և վերակառուցման առումով էլ ընթանում են ծավալուն աշխատանքներ»,- ասել է Կարեն Գիլոյանը:
Պատգամավոր Զարուհի Բաթոյանը նախարարի տեղակալից հետաքրքրվել է՝ ե՞րբ է մարզակենտրոնը մասնավորեցման ցուցակում հայտնվել, և արդյոք արդեն կա՞ն ներդրումային ծրագրեր: Ի պատասխան՝ Կարեն Գիլոյանը հայտնել է, որ հարցի քննարկման ժամանակ հաշվի առնելով, որ նախարարությունը դեմ է եղել մարզակենտրոնը վաճառելու նախագծին, որոշվել է կենտրոնը ծառայեցնել հայկական սպորտին՝ վերանայելով ««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքը: Նախարարի տեղակալը նաև ուրախությամբ փաստել է, որ սպորտը մասնավոր ներդրողների մոտ հետաքրքրություն է առաջացրել. կենտրոնի վերակառուցման մի քանի առաջարկով ԿԳՄՍՆ-ին արդեն դիմել են:
Պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հարցին ի պատասխան՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է, որ ժամանակին պետական կամ համայնքային պատկանելիության որոշ մարզադպրոցներ մասնավորեցվել են ու ներկայում այլ նպատակի են ծառայում: «Անընդհատ հետևում ենք, որ այդպիսի գործընթաց այլևս չկրկնվի»,- ասել է նախարարի տեղակալը:
Կարծիքներ