Սևանի ափամերձ տարածքներում աճող անտառների ճահճացած հատվածների մաքրումն ավելի արդյունավետ կկազմակերպվի
Գեղարքունիքի մարզում տեղի ունեցավ Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականցվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից համատեղ իրականցվող «Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում» ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման ծրագրի (ԷԿՈսերվ ծրագիր) շրջանակներում իրականացվող «Պատասխանատու եմ Սևանի համար» 3-րդ միջոցառումը:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսը, ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի տնօրեն Մադլեն Ռաուշենբերգերը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, EU4Sevan ծրագրի ղեկավար Քրիստիան Հենշելը, ՄԱԶԾ կլիմայի, շրջակա միջավայրի, կայունության թիմի ղեկավար Հովհաննես Ղազարյանը, ինչպես նաև այլ պաշտոնյաներ, շահագրգիռ կողմեր և համայնքի բնակիչներ:
Աննա Մազմանյանը նշեց, որ «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ծրագիրը բարձրացնում է հասարակության իրազեկվածությունը մեր բնական ժառանգության, Հայաստանի քաղցրահամ ջրի և հիդրոէներգիայի կարևորագույն աղբյուր Սևանա լճի կարևորության և հիմնախնդիրների վերաբերյալ։
Ֆրանկ Հեսը ողջունեց մասնակիցներին և նշեց.
«Սևանա լճի էկոհամակարգի պահպանումը ԵՄ-ն Հայաստանի համար բնապահպանական առաջնային խնդիրներից է: Իսկ EU4Sevan ծրագիրը միավորում է տարբեր հանրությանն ու տարբեր կառույցներին, որպեսզի վերջիններս համատեղ աշխատեն խնդիրների լուծումների վրա և բարելավեն շրջակա միջավայրի կառավարումը: Գեղարքունիքի մարզպետարանում ծրագրի մարզային գրասենյակի բացումը կնպաստի համատեղ ծրագրի իրականացմանը: Այն նպատակաուղղված է բարելավելու ծրագրի հաղորդակցությունը, ինչպես նաև համախմբելու մարդկանց»:
Մասնակիցների առաջին կանգառը Վարդենիկ համայնքում էր, որտեղ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչը ներկայացրեց նոր ձեռք բերված անիվավոր բեռնիչը և ընդգծեց տրամադրված տեխնիկայի կարևորությունը գետերի ափամերձ տարածքների մաքրման աշխատանքները արդյունավետ կազմակերպելու գործում:
ՄԱԶԾ-ն տրամադրել է մեկ միավոր տեխնիկա (անիվավոր բեռնիչ) «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին՝ համապատասխան վերապատրաստմամբ։ Գործընկերների կարողությունների հզորացումը առանցքային է ծրագրի կողմից համատեղ ձեռք բերված արդյունքների կայունությունն ապահովելու համար:
Շրջակա միջավայրի նախարարությանը ցուցաբերված տեխնիկական աջակցությունը՝ Սևան ազգային պարկին մեքենայի տրամադրման միջոցով կամրապնդի պարկի կարողությունները: Այն կօգնի հաղթահարել ներքին կառավարման մարտահրավերները և ավելի արդյունավետ կազմակերպել ափամերձ տարածքներում աճող անտառների ճահճացած հատվածների մաքրումը՝ կանխելով լճի հետագա օրգանական աղտոտումը:
Միջոցառումը շարունակվեց Գեղարքունիքի մարզպետարանում, որտեղ տեղի ունեցավ EU4Sevan-ի Գավառի մասնաճյուղի պաշտոնական բացումը ու EU4Sevan ծրագրի և մարզպետարանի միջև համագործակցության հուշագրի ստորագրման արարողությունը: Մարզային գրասենյակը կնպաստի թիրախային խմբերի, շահառուների, գործընկերների, համայնքների միջև հասանելիությանը:
Կարծիքներ