Վահրամ Դումանյանը ծանոթացել է Կինոգործիչների միության կրթական և մշակութային նախագծերին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր այցելել է Հայաստանի կինոգործիչների միություն՝ ծանոթանալու կազմակերպության առաջիկա ծրագրերին, մասնավորապես՝ կրթական և մշակութային նախագծերին:
Շրջայցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը և միության նախագահի խորհրդական Արայիկ Մանուկյանը նախարարին հանգամանորեն ներկայացրել են միության ընթացիկ աշխատանքներն ու առաջիկա անելիքները:
Հարություն Խաչատրյանը նախարարին ծանոթացրել է ««Ազգային սինեմատեք կոնցեպտի» ստեղծարար կրթական-մշակութային-զբոսաշրջային միջավայր» ծրագրին, որն ամբողջովին ներառում է կրթամշակութային բաղադրիչ:
Կարևորելով պետական քաղաքականության մաս կազմող կրթամշակութային ծրագրերի իրականացումը՝ նախարարը մանրամասն տեղեկացել է միության կողմից իրագործվող «Ազգային սինեմատեք կոնցեպտ» ստեղծարար ծրագրի շրջանակում անցկացվող կրթական և մշակութային նախագծերին: Այնուհետև Վահրամ Դումանյանը շրջել է կինոթանգարանում, ծանոթացել ծրագրերի ընդլայնման նպատակով ենթակառուցվածքների զարգացման հնարավորություններին:
Շրջայցի ընթացքում քննարկվել է նաև պետության հնարավոր մասնակցության հեռանկարներն այդ ծրագրին:
ԿԳՄՍ նախարարությունն իր դրամաշնորհային ծրագրերի շրջանակում համագործակցում է Հայաստանի կինոգործիչների միության հետ՝ աջակցելով կրթամշակութային մի շարք ծրագրերի իրականացմանը:
Կարծիքներ