«Պաշտպանների շահը ապացույցներին անցնելը բացառելն է»․ armtimes.com Քոչարյանի գործով դատախազը՝ նիստերի ձգձգման մասին
«Պաշտպանական կողմի շահը դատական նիստերը ձգձգելն է, դատաքննության եւ ապացույցներին անցնելը բացառելը»։
Քոչարյանի եւ մյուսների գործով այսօրվա նիստի հետաձգումից հետո՝ լրագրողների հետ զրույցում, այս մասին ասաց մեղադրող դատախազ Գեւորգ Բաղդասարյանը։
Լրագրողների դիտարկմանը, որ նույն պնդումը անում են պաշտպանները՝ հավելելով, որ ձգձգում նկատում են նաեւ դատավորի կողմից, եւ պնդելով, որ իրենք ջուր-մեղադրանքը ջախջախելու են, Բաղդասարյանն արձագանքեց․ «Երբ մենք կմտնենք դատաքննության, մի անգամ էլ ասեմ, կտեսնենք՝ ինչն է ջուր, եւ ինչն է ջախջախվում, այդպիսի հայտարարությունները եւ իրենց վարքագիծը իրար չեն համապատասխանում․ եթե նույնիսկ իրենք հայտարարում են, որ մեղադրանքի կողմն է ձգձգում գործի քննությունը, պետք է մատնանշեն մի արարք, որ մեղադրանքի կողմը կատարել է»,- ասաց Բաղդասարյանը՝ պնդելով, որ չի եղել գեթ մեկ նիստ, որը հետաձգվել է իրենց բացակայության պատճառով․ «Հակառակ դրան՝ մենք ունեցել ենք դեպքեր, երբ կայացած նիստերին ներկայացրել են ինքնաբացարկի, խափանման միջոցը փոխելու միջնորդություններ, որոնց կապակցությամբ դատարանը բազմիցս դիրքորոշումներ է հայտնած եղել, եւ այդ միջնորդությունները նորից ներկայացնելը օրինականացրել են դրանց հիմքում ձեւական փոփոխություններ մտցնելով»,- ասաց դատախազը՝ ընդգծելով, որ առաջին անգամ չէ, որ իրենք իրավունքի չարաշահման մասին են խոսում․ «Դատարանի կամ մեղադրանքի կողմի որեւէ վարքագիծ, որը կհանգեցներ այսպիսի ձգձգումների, չի կարող մատնանշվել»,- կրկնեց նա։
Անդրադառնալով պաշտպանների կողմից դատախազներին հայտնած բացարկի միջնորդություններին՝ Գեւորգ Բաղդասարյանն ասաց․ «Մեղադրողին բացարկ հայտնել այն պատճառով, որ ինքը մեղադրող է, ոչ թե պաշտպան, հակասում է նույնիսկ այդ իրավունքի իրացման ամբողջ տրամաբանությանը»։ Ինչ վերաբերում է դատավորին ներկայացված ինքնաբացարկի միջնորդություններին, ըստ դատախազի, դրանք ներկայացվել են՝ պատճառաբանությամբ, որ դատարանի որոշումը իրենց ձեռնտու չէ, որ կալանքը վերացնելու միջնորդությունը մերժելիս իբր անկողմնակալ չի եղել, եւ հաջորդ անգամ էլի նույնաբովանդակ միջնորդություններ են ներկայացվել․ «Անընդհատ ասել՝ դու լավ դատավոր չես, որովհետեւ մեր միջնորդությունները չես բավարարում, ճիշտ չէ․ դա բացարկի դատավարական ինստիտուտի էությունը խեղաթյուրում է»։
Լրագրողներից մեկի հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ Սահմանադրական դատարանի որոշման արդյունքում այս գործի ընթացքը փոխվի, եւ մեղադրանքի հոդվածը հակասահմանադրական ճանաչվի, Երեւան քաղաքի դատախազն ասաց․ «Ես պնդում եմ, որ հակասահմանադրական դրույթ չկա, կանխատեսումներ անել չեմ կարող, բայց ՍԴ-ն այդպիսի դիրքորոշում արտահայտելու հիմքեր չունի, այդպիսի հիմքեր չեն ստացվել նաեւ ՄԻԵԴ-ի եւ Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքներից, որոնցում որեւէ դրույթ չկա այն մասին, որ մեղսագրվող դրույթները իրավական որոշակիություն չունեն»։ Հարցին՝ ՍԴ-ի կողմից այս գործով դիմումների քննությունը լինելու է իրավակա՞ն թե՞ քաղաքական գործընթաց, դատախազն ասաց․ «Ես քաղաքականության հետ առնչություն չունեմ, այդպիսի գնահատական տալ չեմ կարող, որպես իրավաբան՝ ՍԴ-ից ակնկալում եմ մասնագիտական մոտեցում, որը, իմ վստահ համոզմամբ, այն է, որ վիճարկվող նորմերը համապատասխանում են Սահմանադրությանը»։
Մյուս հարցին՝ կա՞ն փաստեր, որոնց հայտնի դառնալուց հետո հանրությանը անակնկալ է սպասվում, եւ դրա համար է, որ պաշտպանական կողմը ձգձգել է փորձում, Գեւորգ Բաղդասարյանը պատասխանեց․ «Կդժվարանամ ասել, թե հասարակությունը ինչից անակնկալի կգա, բայց կարող եմ ասել, որ առաջադրված մեղադրանքները հիմնավոր են, իսկ դա երեւում է ապացույցները հետազոտելուց հետո, վերացական հայտարարություններ անել, թե իրենք այսքան ժամանակ փորձում էին անցնել դատաքննության, սակայն դա չէր ստացվում մեղադրողի եւ դատարանի գործողությունների արդյունքում, թույլատրելի չէ»։
Մանրամասները՝ armtimes.com-ում:
Կարծիքներ