Կայացել է Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության 2022թ. առաջին նիստը

Կայացել է Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության 2022թ. առաջին նիստը

Մարտի 7-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի և ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպական և Եվրասիական հարցերի Բյուրոյի Կովկասի հարցերի գրասենյակի ղեկավար Լաուրա Հոկլայի համանախագահությամբ կայացել է Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստի առցանց խորհրդակցությունների բազմաոլորտ համագործակցության վերաբերյալ հերթական նիստը: 


Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Բացման խոսքում Պարույր Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ Հայաստանին շարունակական աջակցություն տրամադրելու համար՝ կարևորելով ռազմավարական բարեփոխումների և ընդհանուր ժողովրդավարական արժեքների խթանման շուրջ հայ-ամերիկյան համագործակցությունը:

Հայկական կողմից ելույթներով հանդես են եկել նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Էկոնոմիկայի և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների, Կենտրոնական բանկի ներկայացուցիչները, ինչպես նաև` ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը:

Ամերիկյան պատվիրակության կազմում են եղել ԱՄՆ պետքարտուղարության մի շարք գրասենյակների բարձրաստիճան պաշտոնյաներ, ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, ԱՄՆ առևտրի դեպարտամենտի ներկայացուցիչներ, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին:

Լաուրա Հոկլան նիստի ընթացքում ներկայացրել է հայ-ամերիկյան երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները և նշել հետագա համագործակցության ուղիների կարևորությունը:

ԱՄՆ ՄԶԳ փոխտնօրենի տեղակալ Մարկ Սիմակովսկին իր ելույթում ներկայացրել է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը և Կառավարության ներկայացուցիչների հետ քննարկել համագործակցության ընդլայնման հնարավորությունները:

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել տնտեսական, էներգետիկ և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում հայ-ամերիկյան համագործակցությանը և դրանց զարգացման հեռանկարին:

Ամփոփելով նիստը՝ հայկական և ամերիկյան կողմերի պաշտոնյաները վերահաստատել են փոխադարձ հանձնառությունը՝ խորացնելու համագործակցությունը տնտեսական, էներգետիկ և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում և կարևորել նման ձևաչափով քննարկումները՝ ընդգծելով դրանց արդյունավետությունը երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում