Ադրբեջանի նախագահի բառապաշարը մեր կողմից չի ընկալվում Վաշինգտոնում համաձայնեցված տրամաբանության մեջ. վարչապետ

Ադրբեջանի նախագահի բառապաշարը մեր կողմից չի ընկալվում Վաշինգտոնում համաձայնեցված տրամաբանության մեջ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Չինաստանի Թիենծին քաղաքում մասնակցել է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը եւ հանդես եկել ելույթով: Վարչապետը, մասնավորապես, նշել է.

«Պատվավո՛ր նախագահող Սի Ծինփին, հարգելի՛ Նուրլան Երմեկբաև, ձե՛րդ գերազանցություններ,
հարգարժա՛ն պատվիրակներ,

Նախևառաջ կցանկանայի երախտագիտությունս հայտնել պարոն Սի Ծինփինին՝ Շանհայի համագործակցության կազմակերպությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահության ներքո ընթացող գագաթնաժողովի շրջանակներում ՇՀԿ+ ձևաչափով հանդիպմանը մասնակցելու հրավերի համար:

Ինձ համար մեծ պատիվ է առաջին անգամ մասնակցել գագաթնաժողովին՝ որպես երկխոսության, վստահության և համագործակցության հարթակ:

Վստահ եմ, որ Չինաստանի նախագահության ներքո ձեռնարկվող քայլերն իրենց նպաստը կբերեն Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում փոխգործակցության նոր ուղղությունների բացահայտմանը՝ գրանցելով նորանոր ձեռքբերումներ:

Հարգելի՛ գործընկերներ,

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ Ադրբեջանի նախագահի հետ ընդունեցինք խաղաղության Հռչակագիր, նախաստորագրվեց Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագիրը։

Այսպիսով, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատվեց։ Սա պատմական շրջադարձ է, որը շատ ավելի լայն տարածաշրջանային ազդեցություն կունենա։ Երեկ գագաթնաժողովի մասնակից առաջնորդներն այսօր էլ շնորհավորում էին թե՛ մեզ, թե՛ Ադրբեջանին՝ հաստատված խաղաղության համար, և ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր շնորհավորանքների համար։

Այժմ մենք քննարկում ենք տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության, սկզբունքների հիման վրա մեր երկու երկրների միջև տրանսպորտային հաղորդակցությունների բացման հարցը։ Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով։

Ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ընդունած Հռչակագրում նաև համաձայնեցվել է որոշակի տերմինաբանություն, և կարծում եմ, որ ճշտված, համաձայնեցված այդ տերմինաբանության օգտագործումը կնպաստի կառուցողական մթնոլորտի և հետագա աշխատանքի իրացմանը:

Ուզում եմ գործընկերներին տեղյակ պահել նաև, որ մասնավորապես Ադրբեջանի նախագահի կողմից օգտագործվող բառապաշարը մեր կողմից չի ընկալվում այն տրամաբանության մեջ, որը մենք համաձայնեցրել ենք Վաշինգտոնում, մանավանդ որ այդ համաձայնությունների շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները կիրականացնեն հաղորդակցության ներդրումային ծրագիրը, որը կոչվում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»։

Այս ծրագիրը բխում է Հայաստանի Հանրապետության «Խաղաղության խաչմերուկ» նախագծից, որի վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունը և Միացյալ Նահանգները ստորագրեցին երկկողմ հուշագիր այդ նախագիծը զարգացնելու և այդ նախագծում ներդրումներ անելու ուղղությամբ: Այս ամենի, այս նախագծերի իրականացման արդյունքում, և ես ուզում եմ վերահաստատել, որ Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է ձեռք բերված պայմանավորվածություններին, և մենք վճռական ենք հնարավորինս արագ այդ պայմանավորվածությունները կյանքի կոչել: Եվ այդ ամենի արդյունքում կբացվի ոչ միայն հաղորդակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ներպետական, երկկողմ և միջազգային հաղորդակցության համար, այլև լոգիստիկ նոր հնարավորություններ կստեղծվեն Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ բոլոր երկրների՝ ներառյալ մեր և Ադրբեջանի անմիջական հարևանների համար։

Հարգելի՛ ներկաներ,

Երեկ այստեղ՝ Թիենծինում, Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում մեզ համար ևս մեկ կարևոր իրադարձություն տեղի ունեցավ։ Երկու երկրների ԱԳ նախարարները ստորագրեցին Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համատեղ կոմյունիկե, և ուզում եմ այս առիթով գոհունակությունս արտահայտել Պակիստանի վարչապետ, հարգարժան Շահբազ Շարիֆին։

Հարգելի՛ գործընկերներ,

Այս տարի Չինաստանի նախագահությունն անցկացվում է «ՇՀԿ կայուն զարգացման տարի» թեմատիկ ուղղվածության ներքո, որի շրջանակը ընդգրկում է նաև կենսաբազմազանության և բնական միջավայրի առջև ծառացած հրատապ մարտահրավերների հասցեագրումը՝ որպես կայուն զարգացման և գլոբալ բնապահպանական օրակարգի ևս մեկ կարևոր բաղադրիչ։

Որպես 2026 թվականին ՄԱԿ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի «COP17» համաժողովը հյուրընկալող և նախագահող երկիր՝ Հայաստանն ամենայն ջանքեր կգործադրի նպաստելու կոնվենցիաների, դրանց արձանագրությունների և գլոբալ շրջանակի նպատակների առաջխաղացմանը։

Հայաստանը կարևորում է բազմակողմ հարթակների շրջանակներում համագործակցությունը՝ որպես բազմաշերտ երկխոսության, հանդուրժողականության, փոխըմբռնման, մարդու իրավունքների պաշտպանության և համագործակցության խթանման կարևորագույն գործիք, և հույս ունենք, որ համատեղ ջանքերի շնորհիվ կարող ենք նպաստել ոչ միայն տարածաշրջանային, այլև միջազգային մակարդակում փոխըմբռնման և համերաշխության ամրապնդմանը:

Այս տեսանկյունից, կարծում եմ, գնահատելի է պարոն Սի Ծինփինի կողմից առաջ քաշված Գլոբալ կառավարման նախաձեռնության հայեցակարգը՝ հատկապես ՄԱԿ-ի կանոնադրության և դրա առանցքային սկզբունքների վրա հիմնված բազմակողմ համակարգի պահպանման և ամրապնդման կարևորության համատեքստում, և մենք աջակցում ենք պարոն Սի Ծինփինի այդ նախաձեռնությանը։

Վերջում ուզում եմ գոհունակությամբ ընդգծել, որ այս գագաթնաժողովը պատմական է նաև Հայաստանի և Չինաստանի հարաբերութուններում, որովհետև մենք նախագահ Սի Ծինփինի հետ ընդունեցինք հայտարարություն՝ արձանագրելով, որ Հայաստանի և Չինաստանի համագործակցությունը զարգացել և հասել է ռազմավարական գործընկերության մակարդակի, և ես համոզված եմ՝ այդ հենքի վրա մեր երկրների հարաբերություններն առաջիկայում էլ ավելի կզարգանան:

Շնորհակալություն»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում