Ինչո՞վ է վտանգավոր նոր կթած տաք կաթը
Չպաստերիզացված նոր կթած տաք կաթը կարող է լինել հակաբիոտիկների հանդեպ կայուն բակտերիաների աղբյուր: Այս մասին հաղորդվում է Դեւիսում Կալիֆոռնիական համալսարանի (ԱՄՆ) մասնագետների հետազոտության մեջ, որը հրապարակվել է Microbiome ամսագրում:
Հում կաթի մեջ հաճախ կարելի է գտնել մեծ քանակությամբ բակտերիաներ, որոնք անընկալունակ են հակաբիոտիկների նկատմամբ: Գիտնականների կարծիքով՝ եթե կաթը մնում է սենյակային ջերմաստիճանի պայմաններում, դրա մեջ բակտերիաներն ակտիվորեն բազմանում են, իսկ այդպիսի կաթը գործածելու դեպքում դրանք հայտնվում են մարդու օրգանիզմի մեջ եւ կարող են հրահրել բազմաթիվ ինֆեկցիոն հիվանդությունների զարգացում:
Գիտնականների խոսքով՝ ԱՄՆ բնակիչների մոտ 3 տոկոսը գործածելուց առաջ հում կաթը չի եռացնում, քանի որ համոզված է, որ այն ունի օգտակար պրոբիոտիկների հարուստ պաշար: Ավելին՝ նրանց մեծ մասը չի կասկածում, որ հում կաթը կարող է վտանգավոր լինել:
Նշված գիտնականները հետազոտության շրջանակում անալիզի են ենթարկել պաստերիզացված եւ չպաստերիզացված կաթի 2034 նմուշներ: Հետազոտության առաջատար հեղինակ Ցզինսին Լյուն նշել է, որ ինքն ու իր գործընկերները հում կաթի նմուշներում չեն հայտնաբերել օգտակար բակտերիաների մեծ քանակություն: Փոխարենը՝ դրա մեջ պոտենցիալ վտանգավոր բակտերիաները փոքրաթիվ չեն, հատկապես եթե կաթը թոթղնում են սենյակային ջերմաստիճանի պայմաններում:
«Մենք չենք ցանկանում ձեզ վախեցնել: Եթե ցանկանում եք շարունակել խմել հում կաթ, ապա այն պահեք սառնարանի մեջ»,- խորհուրդ է տվել գիտնականը:
Կարծիքներ