Լեհաստանում մեկնարկել են միջազգային զորավարժություններ՝ 18 հազար զինվորականի մասնակցությամբ

Լեհաստանում մեկնարկել են միջազգային զորավարժություններ՝ 18 հազար զինվորականի մասնակցությամբ

Լեհաստանում մեկնարկել են Defender Europe 2022 և Swift Response միջազգային զորավարժությունները։ Դրանք տեղի կունենան մայիսի 1-ից մայիսի 26-ը Լեհաստանում և ութ այլ երկրներում։ Корреспондент պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարությունը։

Լեհաստանից բացի, զորավարժություններին կմասնակցեն զինվորականներ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Շվեդիայից, Գերմանիայից, Դանիայից և Մեծ Բրիտանիայից։ Ընդհանուր առմամբ, դրանց կմասնակցի 18 հազար զինվորական ավելի քան 20 երկրներից։ Մասնավորապես, հենց Լեհաստանի տարածքում ներգրավվելու է մոտ 7 հազար զինվոր և 3 հազար միավոր տեխնիկա։

Զորավարժությունների շրջանակներում զինտեխնիկան հիմնականում կտեղափոխվի գիշերային ժամերին՝ հանրային երթևեկությանը հնարավորինս չխանգարելու համար։ Միևնույն ժամանակ, գերատեսչությունը դիմել է բնակիչներին՝ խնդրելով չտարածել լուսանկարներ և տեսանյութեր զորքերի տեղաշարժի, ինչպես նաև տեղեկություններ դրանց գտնվելու վայրի, ռազմական ինքնաթիռների թռիչքների և վայրէջքների մասին:

«Defender Europe 22»-ը միջազգային ընդհանուր և կանոնավոր զորավարժություն է, որը կազմակերպվում է ԱՄՆ զինված ուժերի կողմից՝ ապահովելու ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի դաշնակիցների և գործընկերների միջև պատրաստվածությունը և օպերատիվ համատեղելիությունը», – ասվում է Լեհաստանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:

Լեհաստանում պարզաբանել են, որ նշված զորավարժությունները պատկանում են ցիկլային պաշտպանական զորավարժությունների շարքին, ուղղված չեն որևէ երկրի դեմ և կապված չեն տարածաշրջանի ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակի հետ։ Ազգային և միջազգային պլանավորման գործընթացը սկսվել է 2021թ.-ին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեծ Բրիտանիան զորավարժություններին մասնակցելու համար Արևելյան Եվրոպա կուղարկի մոտ 8 հազար զինվորականի, ինչպես նաև տասնյակ տանկեր և 100-ից ավելի զրահամեքենաներ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում