ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն աշխատանքային այցով եղել է Լոռու մարզում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն աշխատանքային այց է կատարել Լոռու մարզ, շրջել նախարարության ենթակայության միջին մասնագիտական մի շարք ուսումնական հաստատություններում:
Այցի շրջանակում Արաքսիա Սվաջյանը մասնակցել է Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստին՝ որպես նախագահ:
ԿԳՄՍ փոխնախարարը ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանի ուղեկցությամբ այցելել է Վանաձորի Կ. Ղարաքեշիշյանի անվան թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարան, Վանաձորի Ս. Թևոսյանի անվան պետական պոլիտեխնիկական քոլեջ, Վանաձորի Հով. Թումանյանի անվան պետական համալսարանի միջին մասնագիտական քոլեջ, Լոռու տարածաշրջանային պետական քոլեջ, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի հենակետային վարժարան:
Արաքսիա Սվաջյանը շրջել է լսարաններով, հետևել մասնագիտական առարկաների դասընթացին, զրուցել ուսանողների և դասախոսների հետ, ինչպես նաև հետաքրքրվել սովորողներից, թե ստացած կրթությունը բավարար համարո՞ւմ են՝ հետագայում աշխատաշուկայի պահանջներին համապատասխանելու տեսանկյունից:
Շրջայցի ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկայացրել է ՄԿՈՒ ոլորտի զարգացման ընթացիկ ծրագրերն ու հեռանկարները, խոսել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցներին ուսումնական-աշխատանքային գործընթացներում ինտեգրելու անհրաժեշտության մասին: Նա նաև նշել է, որ քոլեջների և ուսումնարանների հանրակրթական առարկաների ուսուցիչները ևս կարող են մասնակցել կամավոր ատեստավորմանը և ստանալ աշխատավարձ՝ բարձր դրույքաչափով և հավելավճարով:
Նախարարի տեղակալի մարզային այցերը լինելու են շարունակական:
Կարծիքներ