Հայ ժամանակակից երաժշտության VII փառատոնի եզրափակիչ համերգը՝ հոկտեմբերի 31-ին

Հայ ժամանակակից երաժշտության VII փառատոնի եզրափակիչ համերգը՝ հոկտեմբերի 31-ին

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ մայիսին մեկնարկած Հայ ժամանակակից երաժշտության VII փառատոնը հատում է եզրագիծը:

Փառատոնի փակման համերգը տեղի կունենա հոկտեմբերի 31-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ՝ դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ, կհնչեն Նարինե Զարիֆյանի, Դավիթ Բալասանյանի, Գևորգ Հովհաննիսյանի, Գայանե Կեսոյանի, Աշոտ Բաբայանի և Նուբար Ասլանյանի ստեղծագործությունները: Բոլոր ստեղծագործությունները Հայաստանում առաջին անգամ են հնչելու:

Որպես մենակատարներ հանդես կգան Արմեն-Լևոն Մանասերյանը, Յանա Դարյանը (ալտ), Կարապետ Հարությունյանը (տրոմբոն), Լիլիթ Պետրոսյանը (քանոն), Մարիամ Հովնանյանը (քանոն): Բեմում կլինի նաև Ա. Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի երգչախումբը:

Համերգի մուտքն ազատ է:

Նշենք, որ բազմաբովանդակ և բազմաժանր փառատոնի 7 համերգների ընթացքում (ներառյալ՝ եզրափակիչ համերգը) ներկայացվել է ավելի քան երեք տասնյակ պրեմիերա: Փառատոնի շրջանակում կայացել է նաև նորաստեղծ «Նովա» երգչախմբի բեմելը, հնարավորություն է տրվել երիտասարդ տաղանդավոր մենակատարների՝ առաջին անգամ հանդես գալու մեծ բեմերում:

Փառատոնը մեկնարկել է հուշ-համերգով՝ նվիրված Հարություն Դելլալյանին և Ռուբեն Սարգսյանին: Երկրորդ համերգն իրականացվել է Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տան՝ Լ. Վ. Բեթհովենի անունը կրող համերգասրահում. ելույթ է ունեցել Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը՝ մաեստրո Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ:

Փառատոնի երրորդ համերգին ներկայացվել են 7 կոմպոզիտորի կամերային-գործիքային, վոկալ-գործիքային ստեղծագործություններ, որով էլ եզրափակվել է նախագծի գարնանային համերգաշարը:

Փառատոնի աշնանային համերգաշարի շրջանակում տեղի է ունեցել կոմպոզիտոր Սոֆա Ազնաուրյանի մոնոօպերայի կատարումը: Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ կայացել են հայ հեղինակների կամերային-նվագախմբային ստեղծագործությունների կատարումները (դիրիժոր՝ Հարություն Արզումանյան), իսկ Կոմպոզիտորների միության համերգասրահում էլ ներկայացվել է խմբերգային երաժշտություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում