Փրկարար ծառայության տնօրենի տեղակալն այցելել է Սևանա լճի հանրային լողափեր
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փրկարարական ծառայության գնդապետ Եգոր Կարապետյանը ստուգայց է կատարել «Սևան» ազգային պարկի տարածքում հերթապահություն իրականացնող ջրափրկարարական հենակետեր, հատուկ ջրափրկարարական ջոկատի կենտրոնական կայան և Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, տնօրենի տեղակալը եղել է Սևանի երեք հանրային լողափերում հուլիսի 1-ից շուրջօրյա հերթապահություն իրականացնող փրկարարական հենակետերում, ծանոթացել ծառայության կրման պայմաններին, գույք-տեխնիկային, տեղում հետևել մոտորանավակների աշխատանքային վիճակին, ինչպես նաև մոտորանավակով շրջայց կատարել լճում՝ ստուգելով զգուշացնող լողանշանների առկայությունը և անվտանգության կանոնների պահպանման համար առկա միջոցները։
«Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Գ․ Գալստյանը տնօրենի տեղակալին զեկուցեց, որ փրկարարական ծառայողները հանրային լողափերում հերթապահությունն իրականացնում են դիտարկման եղանակով՝ մոտորանավակներով մշտապես իրականցնելով շրջայցեր, ինչպես նաև բարձրախոսների միջոցով հանգստացողներին տալիս են անվտագության վարվելակերպի կանոնների հետ կապված ցուցումներ և հրահանգներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ Եգոր Կարապետյանը եղել է նաև Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատում, զրուցել հերթապահություն իրականացնող փրկարարների հետ, տվել հստակ հանձնարարականներ՝ ինչպես հսկողության տակ գնտվող, այնպես էլ մասնավոր հատվածներում խստագույնս հետևել հանգստացողների անվտանգությանը, ինչպես նաև լողամիջոցների շահագործման կանոնների պահպանմանը՝ խախտումները բացառելու և դժբախտ պատահարներից խուսափելու նպատակով։
Կարծիքներ