Բարեկամության մետրոյի մոտ ժողովուրդը ստիպել է ցուցարարներին փողոցը բացեն
ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը Երևանի Ֆրանսիայի հրապարակում հայտարարել է, որ ընդդիմությունը ակցիաները կշարունակի մինչև ժամը 14:00-ն, որից հետո կբացեն ճանապարհները, որպեսզի իրենց համախոհները կարողանան միանալ այսօր երեկոյան 18:00-ին նախատեսված հանրահավաքին: Այսմ մասին գրում է MediaNews-ը։
Օրենսդիր մարմնի ներկայացուցիչը հայտարարությունն արել է հանրային սեփականություն հանդիսացող՝ «Երևան» գրությամբ նստարանի վրա կանգնած:
Ըստ նրա՝ ինչ խնդիր դրել էին իրենց առջև, ամբողջովին կատարված է:
«Այս եղանակին, այս անձրևին մարդիկ դեռ փողոցում են: Մեր կամքը կոտրել անհնար է: Մինչև ժամը 14:00-ն այստեղ ենք, դրանից հետո բացելու ենք ճանապարհները, որպեսզի մեր քաղաքացիները 18:00-ին կարողանան գալ Ֆրանսիայի հրապարակ: Այս անձրևին պետք չէ, որ որևէ մեկը մրսի և հիվանդանա, անձրևանոցներ կրեք: Առաջիկա մի քանի օրերին լինելու ենք փողոցներում»,- հայտարարել է Սաղաթելյանը:
Նշենք, որ այսօր առավոտվանից ընդդիմադիր ակտիվիստները անհնազանդության գործողություններ էին նախաձեռնել: Վերջիններս մայրաքաղաքում փակել էին որոշ փողոցներ, որոնք ոստիկանները կարճ ժամանակում բացեցին: Ոստիկանության հայտնած տեղեկատվության համաձայն՝ այս պահին մայրաքաղաքի բոլոր փողոցները բաց են, երթևեկությունը՝ վերականգնված: Ժամը 12:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 199 օրինախախտ:
Կարծիքներ