ՊԵԿ պաշտոնյաները 65 հազար դոլար կաշառք են ստացել՝ կառուցապատողի հարկային պարտավորությունները զիջելու դիմաց. ԱԱԾ(տեսանյութ)

ՊԵԿ պաշտոնյաները 65 հազար դոլար կաշառք են ստացել՝ կառուցապատողի հարկային պարտավորությունները զիջելու դիմաց. ԱԱԾ(տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, կոռուպցիայի հակազդման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների շրջանակներում, ակտիվորեն համագործակցելով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության հետ, բացահայտել է ՀՀ ՊԵԿ առանցքային վարչություններից մեկի պետի տեղակալի և նույն վարչության գլխավոր հարկային տեսուչի կողմից մշակված և իրագործվող կոռուպցիոն սխեմա:

Մասնավորապես՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի կողմից ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ ՊԵԿ-ում վարչության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Հ.Մ.-ն և նույն վարչության գլխավոր հարկային տեսուչի պաշտոնը զբաղեցնող Ա.Ա.-ն, ի պաշտոնե լիազորված լինելով տնտեսական գործունեություն ծավալող կազմակերպություններում իրականացնել բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումներ, բացահայտել չվճարված հարկային պարտավորությունների ծավալը և արձանագրել նշված հանգամանքը, չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը, չեն արձանագրել չվճարված հարկերի ողջ ծավալը, ինչի դիմաց ստացել են առանձնապես խոշոր չափերի կաշառք-գումար:

Նման եղանակով, ս.թ. փետրվար-մարտ ամիսներին, բազմաբնակարան շենքերի կառուցապատում իրականացնող տնտեսվարողի մոտ անցկացված ստուգումների ընթացքում հայտնաբերվել է ընդհանուր շուրջ 126 մլն դրամի չկատարված հարկային պարտավորություն: Տնտեսվարողը, վերոնշյալ պաշտոնատար անձանց հետ փոխհամաձայնությամբ, հարկային մարմիններին ներկայացրել է ճշտված հաշվետվություն, որով 126 մլն դրամի փոխարեն պետք է կատարեր 59 մլն դրամի լրացուցիչ հարկային վճարումներ: Նշվածի դիմաց Հ.Մ.-ն և Ա.Ա-ն տնտեսվարողից պահանջել և ստացել են 65.000 ԱՄՆ դոլարի չափով կաշառք, որից 5.000 ԱՄՆ դոլարը՝ կանխիկ, 60.000 ԱՄՆ դոլարը՝ կառուցապատվող շենքում կրկնակի ցածր արժեքով 2 բնակարանի տեսքով:

Ստացված կաշառքի ծագման իրական աղբյուրը թաքցնելու նպատակով նշված բնակարանները ձևակերպվել են  Հ.Մ.-ի և Ա.Ա.-ի մտերիմ անձանց անուններով, որով փորձ է արվել օրինականացնել հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ-ում նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում) հարուցվել է քրեական գործ:

ՀՀ ԱԱԾ և Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների համատեղ օպերատիվ-քննչական աշխատանքի շրջանակում խուզարկություններ են իրականացվել ՀՀ ՊԵԿ նշված պաշտոնատար անձանց, ինչպես նաև տնտեսվարող կազմակերպության ղեկավարի աշխատանքի և բնակության վայրերում, ինչի արդյունքում հայտնաբերվել են քրեական գործի համար ապացուցողական նշանակություն ունեցող նյութեր:

Հ.Մ.-ն, Ա.Ա.-ն և ևս երեք անձ ձերբակալվել են:

Կատարվում է նախաքննություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում