Փաստաթղթերով մահացած ճանաչված ֆրանսուհին 3 տարի շարունակ փորձում է ապացուցել իշխանություններին, որ ողջ է
Ֆրանսիական Սեն Ժոզեֆ քաղաքի բնակչուհի Ժաննա Պուշենը, որին երեք տարի առաջ սխալմամբ մահացած են հայտարարել, այս ողջ ընթացքում փորձել է ապացուցել պաշտոնյաներին, որ ողջ է:
Ինչպես հայտնում է The Guardian-ը, 58-ամյա կնոջը մահացած են հայտարարել 2017 թվականի նոյեմբերին: Դա տեղի է ունեցել երկարատև դատական լսումների արդյունքում, որով գործող անձինք էին ինքն ու իր ընկերության նախկին աշխատակցուհին: Վերջինս հասել էր նախկին տիրուհուց 14 000 եվրոյի փոխհատուցման գանձնմանը:
Հենց աշխատակցուհին է դատավորին հայտնել, որ Պուշենը մահացել է և չի կարող պատասխանել իր նամակներին: Դատարանն էլ նրա պնդումները որպես հավաստի տեղեկություն է ընդունել և արձանագրել է կնոջ մահը:
Կատարվածի պատճառով զարմացել է նաև Պուշենի փաստաբանը. «Երբեք չէի մտածի, որ դատավորը կարող է ինչ-որ մեկին մահացած հայտարարել՝ առանց մահվան վկայականի»:
Փաստաբանի խոսքով՝ ամեն-ինչ արագ կկարգավորվեր, քանի որ Պուշենը բժշկի տեղեկագիր ունի, սակայն բարդություններ են ի հայտ եկել՝ դատավորի որոշման պատճառով:
Նախկին աշխատակցուհու փաստաբանի պնդմամբ՝ մեղավորը Պուշենն է, որն իբրև մահացած է ձևացել, որպեսզի չվճարի:
Ֆրանսուհին հերքում է, որ միտումնավոր թաքնվել է և կարծում է, որ մյուս կողմը կանխամտածված կերպով իրեն մահացած է հայտարարել, որպեսզի գումարը ստանա նրա ժառանգներից:
Կարծիքներ