Զարուհի Բաթոյանը ներկայացրել է պաշտոնավարման շրջանում կատարած աշխատանքների հաշվետվություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հարգելի՛ հայրենակիցներ,
22 ամիս ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կարգավիճակում ծառայելուց հետո, վարչապետի որոշմամբ, նոյեմբերի 20-ին ազատվել եմ զբաղեցրած պաշտոնից։ Այդ կարճ ժամանակահատվածում ինձ համար պատիվ էր ծառայել Հայաստանի Հանրապետության քաղաքացուն և ջանքեր ուղղել նրա բարեկեցությանը, հավասար հնարավորությունների ստեղծմանը, իրավունքների պաշտպանությանը և սոցիալական ծառայությունների բարելավմանն ու ավելացմանը։
Ինձ համար սկզբունքային է եղել մարդակենտրոն քաղաքականություն վարելը, որի ընթացքում միշտ աշխատել եմ լսել թե՛ նախարարությունում և կառավարությունում աշխատող փորձառու մասնագետներին, թե՛ քաղաքացիական հասարակությանը։ Իմ երախտագիտությունն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր աջակցել են մեզ և իրենց ներդրումն են ունեցել մեր հաջողություններում։
Հատուկ շնորհակալություն եմ հայտնում սոցիալական ոլորտի բոլոր աշխատողներին, կամավորներին և կազմակերպություններին, հատկապես պատերազմական իրավիճակում իրենց կատարած աշխատանքի համար։
Սոցիալական պաշտպանության ոլորտի գրեթե երկու տարիներն առանձնացել են ինչպես տարիներ շարունակ կուտակված խնդիրների լուծման, այնպես էլ համակարգային փոփոխությունների նախապատրաստական աշխատանքով։
Ներկայացնում եմ կատարված աշխատանքների մասին իմ հաշվետվությունը (ոչ ամբողջական ցանկը):
1․ Ռազմական դրության պայմաններում Արցախում քաղաքացիական բնակչության առաջնային կարիքները հոգալու, ժամանակավոր ապաստարաններում նրանց կենցաղային խնդիրների լուծման նպատակով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Արցախի Հանրապետությանն է փոխանցել մեծածավալ մարդասիրական օգնություն՝ սննդի, հիգիենիկ պարագաների և բնաիրային այլ պաշարների տեսքով: Հումանիտար օգնությունը Արցախ է հասել հոկտեմբերի 1-ին: Օգնության ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 145 մլն դրամ
2․ Պատերազմի առաջին օրերից, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, պետական մարմինների միջև առկա աշխատանքի բաժանման համաձայն, նախաձեռնել և համակարգել է տեղահանված արցախցիներին հանրային և պետական նշանակության շինություններում, ինչպես նաև մասնավոր սեկտորի գործընկերի կողմից տրամադրված հյուրանոցներում և հյուրատներում ժամանակավոր կեցություն ապահովումը։
3․ Նախարարության օպերատիվ շտաբի միջոցով ժամանակավոր կացարանների տրամադրման համակարգումն իրականացրվել է 7/24 գրաֆիկով՝ համագործակցելով այն կամավորական խմբերի հետ, որոնք ձևավորվել էին առաջին օրերին՝ աջակցելու Հայաստան տեղափոխված արցախցիներին։
4․ Նախորդ ամիսներից սկսված աշխատանքի շնորհիվ տեխնիկապես արդիականացվել է 114 թեժ գծի համակարգը, որը թույլ է տվել յուրքանչյուր ստացված զանգ մշտադիտարկել, օպերատրների զբաղվածության պատճառով չպատասխանված զանգերին հետադարձ զանգ կատարել՝ գործնականում ապահովելով 95+ տոկոս արձագանք։ 114 թեժ գիծը ընդլայնել է իր ծառայությունները և ներգրավել շուրջ 40 հերթափոխային աշխատողի (այդ թվում՝ կամավոր հիմունքներով), որոնք շուրջօրյա գրաֆիկով միայն հեռախոսազանգերի միջոցով գրանցել են կացարանի կարիքների մասին հայտերը, համայնքներին և այլ իրավասու պետական մարմիններին փոխանցել սննդի, հիգիենայի պարագաների, հագուստի և առողջապահական կարիքների մասին տեղեկությունները։
5․ Հատուկ մոտեցումով աշխատանք է կատարվել COVID-19-ի ախտանիշներ ունեցող անձանց դեպքում՝ նրանց համար ապահովելով առանձնացված կացարան, թեստավորման և համարժեք բուժօգնության ուղղորդում։
6․ Հայ առաքելական եկեղեցու կողմից տրամադրած Հայորդաց տան տարածքում և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ՝ Հայաստան ժամանող արցախցիների համար ստեղծվել է կայանման կենտրոն, որը նույնպես համակարգում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, և որտեղ ստեղծված են պայմաններ քաղաքացիների գրանցման, կարիքների գնահատման, սնվելու, հանգստանալու և գիշերելու համար՝ մինչև ժամանակավոր կացարան տեղափոխումը։
7․ Օրերի ընթացքում տեղահանվածների թվի աճից ելնելով (պատերազմի ավարտին՝ ավելի քան 85,000 մարդ), զուգահեռ աշխատանքներ են տարվել ազատ կացարանների մասին տվյալները հավաքագրելու ուղղությամբ, որն իրականացվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի, ԿԳՄՍՆ, ՏԿԵՆ և ԱՍՀՆ ենթակայությամբ գործող (ինչպես նաև մասնավոր) կազմակերպություններին պատկանող շինությունների գույքագրման, պայմանների գնահատման, հարմարեցման ծախսերի հաշվարկման և գործընկերների ու բարերարների օժանդակությամբ շենքային պայմանները հարմարեցնելու, կահավորելու և կեցության համար նախատրաստելու ուղղությամբ։
8․ Բոլոր այն կացարանները, որտեղ լրացուցիչ նյութատեխնիկական կարիքներ (մահճակալ, վերմակ, անկողնային պարագաներ, ջրատաքացուցիչ, ջեռուցման տեխնիկաև այլն) կային, լրացվել են ԱՍՀՆ-ի կողմից՝ միջազգային և տեղական բարեգործական, նաև մասնավոր կազմակերպությունների մասնակցությամբ։
9․ Նախարարությունը առանձնահատուկ ուշադրություն է դարձրել հղի կանանց, հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց, վիրավոր զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին, նրանց համար խնամքի և կեցության հնարավորություններ ստեղծելով Երևանում, հնարավորինս ապահովելով հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ընտանիքների համար մատչելի կացարանի իրավունքը։
10․ Համագործակցելով ավելի քան 60 տեղական և միջազգային կազմակերպությունների հետ՝ հումանիտար, սոցիալ-հոգեբանական և այլ ծառայություններով է ապահովել արցախից տեղահանված և ժամանակավորապես Հայաստանում ապաստան գտած չափահասների և երեխաների։
11․ Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին որակյալ խնամքի ծառայություններ է տրամադրվել Արցախից տեղահանված տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող շուրջ 350 անձանց, որոնք տեղավորվել են նախարարության ենթակայությամբ և ֆինանսավորմամբ գործող խնամքի կենտրոններում։
12․ Քաշաթաղի 2 գիշերօթիկ հաստատություններից ՀՀ է տեղափոխվել 22 անչափահաս, որոնց խնամքը նախարարությունը կազմակերպում է գործընկեր «ՍՈՍ մանկական գյուղեր» կազմակերպության միջոցով:
13․ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի աջակցությամբ՝ նախարարությունը սկսել է հոգեբանի ծառայություններ մատուցել 114 թեժ գծի միջոցով, որը գործում է 12-ժամյա ռեժիմով և որի նպատակն է աջակցել հետպատերազմական շրջանում հոգեբանական օգնության կարիք ունեցող անձանց։ Այս ընթացքում թեժ գծի միջոցով հոգեբանական աջակցություն է տրամադրվել 377 մարդու:
14․ Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված քաղաքացիների համար ԱՍՀՆ-ն, Արցախի համապատասխան նախարարության հետ համագործակցությամբ, ստեղծել է Հայաստանում կենսաթոշակները, նպաստները և դրամական այլ վճարները ստանալու հնարավորություն։
15․ Լրացումներ և փոփոխություններ են կատարվել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում», ինչի արդյունքում զորահավաքային զինվորական ծառայության անցած, ինչպես նաև՝ որպես կամավորական մարտական գործողություններին մասնակցող, աշխատողների համար սահմանվել են հետևյալ երաշխիքները՝
պահպանվելու է նրանց աշխատատեղը,
այդ ժամանակահատվածը ներառվելու է նրանց աշխատանքային ստաժում,
այդ ժամանակահատվածի համար կուտակվելու է ամենամյա արձակուրդի օրեր,
բացի պետական բյուջեից տրվող վարձատրությունը, կողմերի համաձայնությամբ, նրանք կարող են վարձատրվել նաև գործատուի կողմից,
միջին աշխատավարձի չափի հաշվարկի վրա չի ազդելու գործատուի կողմից տրվող վարձարտրության չափը,
վերը նշված երաշխիքներն ունենալու են հետադարձ ուժ՝ սկսած Հայաստանի Հանրապետություն ռազմական դրություն հայտարարելու օրվանից։
16․ 2020 թվականի հոկտեմբերի 8-ին ընդունվել է ՀՀ կառավարության N 1653-Ն որոշումը, որով սոցիալական փաթեթի շահառուներին հնարավորություն է ընձեռնվել իրենց հաշվին առկա ազատ դրամական միջոցներից, ցանկության դեպքում, առանց նույնականացման քարտի և տարեկան կանխարգելիչ բժշկական քննություն անցնելու վերաբերյալ տեղեկանքի առկայության, փոխանցումներ կատարել «Հայաստան» համահայկական հիմնադրամին:
Այս փոփոխության արդյունքում, միայն հոկտեմբեր ամսվա տվյալներով, Հիմնադրամին շուրջ 1.5 մլն դոլլար գումար է փոխանցվել։
17․ Մշակվել է պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց իրավունքների պաշտպանության և ներառման ծրագիրը և գործողությունների պլանը, որի հիմնական ուղղություններն են սոցիալական, զբաղվածութան ապահովման, առողջապահական ծառայությունները, սոցիալական ձեռնարկատիրության խթանումը, մարզական, մշակութային, համայնքային և այլ ծառայությունները, հանրային իրազեկման բարձրացումը։ Ծրագրով նախատեսվել է առնվանզ մեկ անկախ կյանքի կենտրոնի ստեղծում, որը ներառականության սկզբունքի հիման վրա, առաջնահերթ դիտարկելով այս խմբի կարիքները, սոցիալական օգնականի, կենցաղային սպասարկման, հմտությունների զարգացման, զբաղվածության ապահավովմանն ուղղված ծառայություններ կմատուցեր։
Կարծիքներ