Ալեն Սիմոնյանն Անդրեա Վիկտորինին պարգևատրել է ՀՀ ԱԺ Պատվո մեդալով

Ալեն Սիմոնյանն Անդրեա Վիկտորինին պարգևատրել է ՀՀ ԱԺ Պատվո մեդալով

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն օգոստոսի 15-ին ընդունել է մեր հանրապետությունում դիվանագիտական առաքելությունն ավարտող Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

 

Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել Եվրոպական միության հետ հարաբերությունների ամրապնդման ու խորացման, Հայաստանի կայուն զարգացման գործում դեսպանի ունեցած մեծ ներդրման համար:

 

«Ճանաչելով Ձեզ և տեսնելով մեր երկրի համար Ձեր սրտացավ աշխատանքը ժողովրդավարական ինստիտուտների կայացման հարցերում՝ վերահաստատում եմ ժողովրդավարական արժեքներին մեր հավատարմությունը և ջանքեր չխնայելու պատրաստակամությունը»,- նշել է Ալեն Սիմոնյանը: Նա ընդգծել է դեսպանի անմիջական մասնակցությունն այն ծրագրերին, որոնք ուղղված են աջակցելու Հայաստանի հարավային շրջանների զարգացմանը և դիմակայունության ամրապնդմանը: Ի պատասխան Անդրեա Վիկտորինը հավաստիացրել է, որ ԵՄ-ն շարունակում է մնալ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգին աջակցող առաջնային գործընկեր:

 

Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայմանը, ինչպես նաև ԼՂ հումանիտար իրավիճակին առնչվող օգոստոսի 16-ին կայանալիք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին:

 

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը միջխորհրդարանական բարեկամական կապերի ամրապնդման և ժողովրդավարության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Անդրեա Վիկտորինին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Պատվո մեդալով:

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում