21-ամյա եւ 26-ամյա կանայք արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով 34-ամյա տղամարդուց 1 մլն դրամ են շորթել
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է երկու երիտասարդ կանանց կողմից շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 21 եւ 26-ամյա կանայք 2019թ. օգոստոսին ծանոթացել եւ մինչեւ նոյեմբեր բազմիցս հանդիպել են Երեւանի 34-ամյա բնակչի հետ: Այնուհետեւ վերջինիս մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով շորթում կատարելու շուրջ համաձայնության գալով՝ մինչեւ 2019թ. դեկտեմբերի 27-ը, պարբերաբար պահանջել եւ մաս-մաս ստացել են խոշոր չափերի հասնող` ընդհանուր շուրջ 1.000.000 ՀՀ դրամ: 2020թ. հունվարի 10-ին` նույն սպառնալիքով հերթական 50.000 ՀՀ դրամ գումարը շորթելու պահին, 26-ամյա կինը Երեւան քաղաքի Թեւոսյան փողոցից բերման է ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է շորթված գումարը:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երիտասարդ կանանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի (շորթումը) 2-րդ մասի 2-րդ եւ 3.1 կետերով:
Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
Կարծիքներ