Պուտինն ԱՄՆ-ում նոր դեսպան է նշանակել

Պուտինն ԱՄՆ-ում նոր դեսպան է նշանակել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Ալեքսանդր Դարչիևին ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան նշանակելու մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը։

«Ալեքսանդր Նիկիտիչ Դարչիևին համատեղությամբ նշանակել ԱՄՆ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան և ԱՄՆ մշտական ​​դիտորդ Վաշինգտոնում գտնվող Ամերիկյան պետությունների կազմակերպությունում», - նշվել  է հրապարակված փաստաթղթում։

Փետրվարի 27-ին Ստամբուլում կայացած խորհրդակցությունների ժամանակ ամերիկյան կողմը Ռուսաստանին ագրեմանի հետ պաշտոնական նոտա էր փոխանցել ՌԴ ԱԳՆ Հյուսիսատլանտյան վարչության տնօրեն Դարչիևին Վաշինգտոնում նոր դեսպան նշանակելու մասին։

2005-2010 թվականներին Դարչիևը եղել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական-դեսպանորդ։ 

2014 թ. հոկտեմբերից մինչև 2021 թ. հունվարը զբաղեցրել է Կանադայում Ռուսաստանի դեսպանի պաշտոնը։

Վաշինգտոնում Ռուսաստանի նախորդ դեսպան Անատոլի Անտոնովը 2024 թ. հոկտեմբերի 10-ին նախագահի հրամանագրով ազատվել էր զբաղեցրած պաշտոնից։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում