Ուկրաինայի պատվիրակությունը ժամանել է ՌԴ-ի հետ բանակցությունների վայր
Ուկրաինայի պատվիրակությունը ուղղաթիռներով ժամանել է Բելառուսի Գոմելի շրջանում Ռուսաստանի հետ բանակցությունների վայր, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ի թղթակիցը։
Ընդհանուր առմամբ ժամանել է երկու ուղղաթիռ։ Ուկրաինայի նախագահի գրասենյակից հայտնել են, որ պատվիրակության կազմում են պաշտպանության նախարարը, «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավարը և փոխարտգործնախարարը։
Ուկրաինայի հետ բանակցությունները պետք է սկսվեն Մոսկվայի ժամանակով ժամը 12:00-ին։ Այս մասին երկուշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։
Ավելի վաղ Բելառուսի ԱԳՆ-ն հայտնել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հարթակը պատրաստ է:
«Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Բելառուսում բանակցությունների հարթակը պատրաստվել է, սպասվում է պատվիրակությունների ժամանումը»,- երկուշաբթի Twitter-ում գրել է ԱԳՆ խոսնակ Անատոլի Գլազը։
Նա հավելել է, որ բելառուսական կողմը պատրաստ է ցանկացած պահի կազմակերպել գործընթացը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։
Կարծիքներ