Հայաստանի ազգային արխիվի տնօրենը՝ ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանի հետ քննարկել է հնարավոր համագործակցության հարցեր

Հայաստանի ազգային արխիվի տնօրենը՝ ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանի հետ քննարկել է հնարավոր համագործակցության հարցեր

Հայաստանի ազգային արխիվի տնօրեն  Գրիգոր Արշակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ.  Գեորգի Կարաստամատովին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ զրուցակիցները մտքեր են  փոխանակել Հայաստանի ազգային արխիվի և Բուլղարիայի Հանրապետության «Արխիվների» պետական գործակալության միջև հնարավոր համագործակցության և փորձի փոխանակման մասին:

Խոսվել է նաև երկու երկրների արխիվների միջև համագործակցության հնարավոր հուշագրի ստորագրման մասին: Պայմանավորվածություն  է ձեռք բերվել  2022 թվականին՝ Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի կապակցությամբ, ցուցահանդեսներ (նաև շրջիկ) կազմակերպելու մասին՝ նպատակ ունենալով էլ ավելի ամրապնդել և խորացնել երկու բարեկամ երկրների միջև տարբեր ոլորտներում գոյություն ունեցող ամուր կապերը:

Այդ համատեքստում կարևորվել է նաև երիտասարդների համար  մատչելի և ուսանելի միջոցառումների անցկացումը: Գրիգոր Արշակյանը պատրաստակամություն  է  հայտնել բուլղարական կողմից առաջարկվող նախաձեռնություններին հնարավորինս աջակցելու, կյանքի կոչելու հարցում:

Հանդիպման ավարտին դեսպանը Գ. Արշակյանին է փոխանցել Բուլղարիայի Հանրապետության «Արխիվների» պետական գործակալության նախագահ Մ. Գրուևի հրավերը՝ այցելելու Բուլղարիա և տեղում ծանոթանալու իրենց արխիվի աշխատանքներին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում