Առինջի Խաչքարերի դաշտը կմաքրվի. ապօրինությունները կդադարեցվեն. լուսանկարներ

Առինջի Խաչքարերի դաշտը կմաքրվի. ապօրինությունները կդադարեցվեն. լուսանկարներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հաղորդում են՝ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի գլխավորությամբ, պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության ու համապատասխան կառույցների պատասխանատուներն ու մասնագետները, Հուշարձանների և տեսարժան վայրերի օրվա միջոցառումների շրջանակում այցելել են ՀՀ Կոտայքի մարզի Առինջ գյուղի վարչական շրջանում գտնվող «Գերեզմանոց» հանրապետական նշանակության հուշարձանի տարածք (Խաչքարերի դաշտ)։

Այցի նպատակն էր տեղում ուսումնասիրել առկա վիճակը և խնդիրների լուծումներ առաջարկել։ Հանդիպմանը ներկա էր նաև Առինջ գյուղի վարչական պատասխանատուն:

Նշենք, որ տարիներ շարունակ, առանց լիազոր մարմնի թույլտվության, այդ տարածքում ապօրինաբար իրականացվել են նոր թաղումներ, ինչի հետևանքով ավերվել են պատմական խաչքարերը և գերեզմանաքարերը։ Խնդիրները տեղում փաստագրելով՝ Առինջի համայնքապետի հետ ձեռք է բերվել բանավոր պայմանավորվածություն նոր թաղումները և հողհատկացումները դադարեցնելու վերաբերյալ։

Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը հանձնարարել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին կազմակերպել և իրականացնել մացառների և աղբի մաքրման աշխատանքներ։

Առինջ գյուղի «Գերեզմանոց» հանրապետական նշանակության հուշարձանն ունի 219 ենթահուշարձան՝ 1 եկեղեցի (12-13 դդ․) և 218 խաչքար (5-20-րդ դդ․)։ 1266 թվակիր խաչքարը ցուցադրվում է Լուվրի թանգարանում, իսկ 1523 թվակիրը՝ Սարդարապատի ազգագրական թանգարանում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում