Իլհամ Ալիևը կրկին քննադատել է ԱԳՆ-ին
«Արտերկրում մեր դիվանագետներից ոմանք դարձել են այդ երկրների դեսպանները, որտեղ նրանք աշխատում են: Այս երևույթին պետք է վերջ տրվի: Սա կադրային սխալ քաղաքականության հետևանք է: Որոշ դիվանագետներ դավաճանել են պետությանը, դավաճանել և չեն թաքցնում դա: Նրանք այն երկրների հատուկ ծառայությունների վերահսկողության տակ են, որտեղ ապրում են»,- նշել է Ալիևը։
Ադրբեջանի նախագահն այս մասին բավականաչափ տեղեկություններ ունի, և ըստ նրա՝ ադրբեջանական դիվանագետները այդ երկների հատուկ ծառայությունից գումարներ և ցուցումներ են ստանում։ «Մեր հատուկ ծառայությունները բազմիցս տեղեկացրել են այդ երկրների հատուկ ծառայություններին, որոնք մեր գործընկերներն են: Ասել ենք, որ գիտենք՝ դուք եք ղեկավարում այդ մարդուն, դուք նրան տուն եք տրամադրել, այդ մարդը ձեր կամքով կեղտոտ քայլեր է անում: Մենք գիտենք այս ամենը: Ես կրկին ուզում եմ ասել, որ սա ցույց է տալիս այդ երկրների կեղծավորությունը: Մի կողմից՝ նրանք մեզ ընկերության ազդակներ են ուղարկում, խոսում գործընկերության մասին, բայց, ըստ էության, նրանք քարոզչություն են անում մեր դեմ: Նրանց նպատակը Ադրբեջանը թուլացնելն է, խարխլելն ու առաջնորդների մասին սուտ տարածելն է: Բայց կյանքը ցույց է տալիս, որ դա նշանակություն չունի: Քանի որ ադրբեջանցի ժողովուրդը ամեն ինչ լավ գիտի: Նա գիտի, որ այսօր մեր գործունեության մեջ առաջին հերթին ադրբեջանցու շահերն են», - եզրափակել է Ալիևը:
Ադրբեջանի նախագահը հուլիսի 15-ին էլ խիստ քննադատության էր ենթարկել ԱԳ արդեն նախկին նախարար Էլմար Մամեդյարովին, որին հուլիսի 16-ին ազատել է պաշտոնից: Նրան փոխարինել է Ջեյհուն Բայրամովը:
Կարծիքներ