Խաղաղապահներն Արցախում հայտնաբերել և վնասազերծել են 7800-ից ավելի պայթուցիկ
Արցախում խաղաղապահ ուժերի ռուսական զորախումբը շուրջօրյա վերահսկողություն է իրականացնում իրավիճակի և հրադադարի ռեժիմի պահպանման համար: Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Այդ մասին տեղեկացրել է ՌԴ ՊՆ կայքը:
Արցախի բնակիչները վերադառնում են նախապատերազմական բնակության վայրեր: Օրվա ընթացքում ևս 457 մարդ վերադարձել է Հայաստանից: Խաղաղապահ գործողության ընթացքում ապահովվել է ավելի քան 41 հազար տեղահանվածի անվտանգ վերադարձը:
Ռուսաստանի ՊՆ ականազերծման գործողությունների միջազգային կենտրոնի մասնագետները շարունակում են տարածքի ականազերծումը:
Վերջին օրվա ընթացքում պայթուցիկ նյութերից մաքրվել է 23 հա տարածք և 5 կիլոմետր ճանապարհ: Ընդհանուր առմամբ, Արցախում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները մաքրել են մոտ 218 հա տարածք, 92 կիլոմետր ճանապարհ և 423 սոցիալական շինություն: Հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 7800 պայթուցիկ:
Մարտակերտում ռուս խաղաղապահների օժանդակությամբ վերականգնվել է 22 բնակելի շենք, ավելի քան վեց կիլոմետր էլեկտրահաղորդման գիծ:
Ռուսաստանի Պաշտպանության նախարարության բժշկական ստորաբաժանման մասնագետները բժշկական օգնություն են ցուցաբերել Ճարտար քաղաքի 95 բնակչի: Ընդհանուր առմամբ, ռուսական ռազմական բուժաշխատողները օգնություն են ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի 701 բնակչի, որոնցից 79-ը երեխա են:
Ռուս խաղաղապահները շարունակում են տեղեկություններ հավաքել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում անհայտ կորածների մասին: Ռուսաստանի խաղաղապահ ուժերի սպաները արձագանքել են թեժ գծի միջոցով ստացված 510 հեռախոսազանգի:
Կարծիքներ